ՀՀ ՍԴ որոշումը ոչինչ չի պարտադրում Թուրքիային

PanARMENIAN.Net - «Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը ավելի քաղաքական, քան իրավաբանական որոշում է, քանի որ ուղղված է ներքաղաքական խնդիրների լուծմանը», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը :



Սաֆարյանի խոսքերի համաձայն, ՀՀ ՍԴ որոշումը միայն պատասխանել է ներքաղաքական բանավեճերին, այն մասին, թե արձանագրություններում կան արդյոք նախապայմաններ թե ոչ: «Այդ որոշումը արտաքին քաղաքական որեւէ ուժ չունի եւ Թուրքիային ոչինչ չի պարտադրում հետագա քայլերը կատարելիս», - նշել է նա:



Նա նաեւ ընդգծել է, որ ՍԴ որոշումից հետո Հայաստանի ընդդիմադիր դաշտում արդեն նկատելի են տարաձայնություններ: « Ավելի շուտ այն կբաժանվի երեք մասի: «Ժառանգությունը» կուսակցության, որը կտրականապես դեմ է ՍԴ որոշմանը, ՀՅԴ, որը մասնակիորեն բավարարված է եւ ՀԱԿ, որը ամբողջությամբ աջակցում է հայ-թուրքական ներկա մերձեցումը», - նշել է պատգամավորը:



Սաֆարյանը անհեռանկար է համարում ՀՅԴ հայտարարությունն այն մասին, որ պայքարի դաշտն արդեն տեղափոխվել է խորհրդարան, քանի որ իշխանական կոալիցիան բազմաթիվ անգամ հայտարարել է արձանագրությունները վավերացնելու իր պատրաստակամության մասին: «Այսպիսի իրավիճակում մենք անելիք չունենք այդ ուղղությամբ», - նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:



Խոսելով «Ժառանգություն» կուսակցության հետագա անելիքների մասին, պատգամավորը նշել է, որ մոտ ժամանակներում իրենք բողոքի ցույց են կազմակերպելու ՍԴ որոշման բացասական հետեւանքները վերացնելուն նվիրված:



Ժառանգություն կուսակցությունը արմատական ազգային, տնտեսական ուղղվածությամբ` ազատական, ղեկավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Այն քաղաքական մի ուժ է, որն իր առաջնահերթ խնդիրը համարում է զարգացած իրավական պետություն ունենալը, որն իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը հիմնելու է իր ազգային ինքնավարության շահի գիտակցման վրա: Ստեղծվել է 2002 թ. : 2005 թ. մայիսի 30-ին կուսակցության գաղտնի քվեարկությամբ ղեկավար է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցության վարչության 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ:



2009 թ.-ից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների: Շվեյցարիան 2007 թ. -ից որպես միջնորդ է հանդես եկել հայ-թուրքական բանակցությունների ընթացքում: Փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ, փակված հայ-թուրքական սահմանը: 2010 թ. հունվարի 10-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որ արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանում են:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---