Ղարաբաղյան կարգավորման բանալին ԼՂՀ ժողովրդի ձեռքում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները, որոնք նա կատարեց ամանորյա ուղերձում, ցույց են տալիս, որ 2010-ին էլ Բաքուն պատրաստ չէ փոխզիջումների գնալ, եւ որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը: Այդ մասին հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, այդ հայտարարություններն ու սպառնալիքները չեն կարող տպավորել կամ վախեցնել Հայաստանին ու ԼՂՀ-ին:



Մեկնաբանելով Ալիեւի հայտարարություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա, եւ որ միջազգային հանրությունն օժանդակում է այդ սկզբունքը, Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գխով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ասում են այն, ինչ ասում է պաշտոնական Երեւանը. ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա, մասնավորապես ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության հիման վրա: «Հենց այդ մասին է ասվում Աթենքի հայտարարության մեջ, որն ընդունել են ԵԱՀԿ 56 երկրները»,- հայտնեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:



Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է կանխորոշել ղարաբաղյան կարգավորման գործընթացի եւ բանակցությունների արդյունքը, այսինքն` Ղարաբաղի կարգավիճակի եւ ինքնորոշման հարցը: «Իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն հարցն է, որը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այդ մասին ասվում է Մադրիդյան սկզբունքների մանրամասներում»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը` ավելացնելով, որ ի հեճուկս Բաքվի հայտարարությունների, ղարաբաղյան կարգավորման բանալին ԼՂՀ ժողովրդի ձեռքում է:



Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:



65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:



ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային կոնֆերանս հրավիրելու մասին որոշումն ընդունվել է 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ պետությունների Նախարարների խորհրդի արտակարգ նիստում: Մինսկի կոնֆերանսի նախապատրաստմանը մասնակցող երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Մինսկի շփման խումբը` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման նպատակով: Կոնֆերանսի ժամանակ հիմնվեց Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, նրա դիտորդները հետեւում են զինադադարի պահպանմանը: 1993թ. Մինսկի խումբն առաջարկեց հակամարտության կարգավորման իր պլանը («Հստակեցված ժամանակացույց»), սակայն ո'չ Հայաստանը, ո'չ Ադրբեջանը չընդունեցին այն: 1994թ. երկու կողմերը, ՌԴ միջնորդությամբ, պայմանավորվեցին պահպանել ոչ պաշտոնական համաձայնությունը հրադադարի մասին, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն:



Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի մշակմամբ եւ առաջխաղացմամբ զբաղվում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ):



Մադրիդյան սկզբունքներն ընդունվել են ԵԱՀԿ-ի գագաթնաժողովին Մադրիդում, 2007 թ-ի նոյեմբերին, եւ պարունակում են ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մադրիդյան սկզբունքների մանրամասները չեն հրապարակված:



Ինչպես ասվում է Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դեկտեմբերի 2-ին ընդունված հայտարարության մեջ, ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարները կողմերին կոչ են անում պահպանել բանակցությունների դրական դինամիկան եւ ամբողջապես աջակցում են նրանց հանձնառությանը` Մադրիդյան սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցնելուն, որպեսզի առանց հապաղման եւ բարի կամքով սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը: «Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Մենք համոզված ենք, որ այսօր ստեղծվել է իրական հնարավորություն` ամբողջ տարածաշրջանում կառուցելու խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագա»,-ընդգծվում է ԵԱՀԿ ԱԳՆԽ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---