Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իր հետ նոր մարտահրավերներ է բերում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի ընթացքում շեշտադրվել է այն հարցը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկու տարբեր հարցեր են: Այս մասին «Հայ-ռուսական հարաբերություններ. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան» թեմայով Երեւան - Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը:



Նրա խոսքերի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իր հետ նոր մարտահրավերներ է բերում տարածաշրջանի երկրների համար, այդ թվում նաեւ Ռուսաստանի: Ինչպես նշեց ռուս փորձագետը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը հարցական է դառնում: «Ո՞ւմ է պետք լինելու Հայաստանում ռուսական ռազմական բազանը, եւ ինչո՞վ է այն զբաղվելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում», - ընդգծել է Սկակովը: Նրա խոսքերի համաձայն, մարտահրավերներ կծագեն նաեւ Վրաստանի համար, որի տարանցիկ հնարավորությունները նկատելիորեն կթուլանան հայ-թուրքական սահմանի բացումից հետո:



Ինչ վերաբերում է Թուրքիային եւ Ադրբեջանին, ապա ռուս փորձագետի կարծիքով, Անկարան կջանա ջերմ հարաբերությունները պահպանել Բաքվի հետ, սակայն իրական քայլեր կկատարի այլ ուղղությամբ:





Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.: Ղարաբաղի 80 տոկոս կազմող հայ ազգաբնակչությունը պահանջում էր վերամիավորվել մայր հայրենիքին` Հայաստանին: Այդ պահանջին Ադրբեջանը պատասխանեց խաղաղ հայ ազգաբնակչության դեմ սանձազերծած բռնություններով: 1991-1994 թթ. ազգային- ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ բանակը ստեղծեց անվտանգության գոտի, որի մեջ էին ներգրավված ԼՂՀ 7 շրջաններ: 1994 թ. մայիսի 11-ին Բիշքեկում կողմերը արձանագրություն ստորագրեցին` կրակը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության գալու մասին: Ներկայում հակամարտության կարգավորման հարցով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից հայ-թուրքական հարաբերությունների բանակցություններում որպես միջնորդ է հանդես գալիս: Փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը: 2010 թ. հունվարի 10-ին ՀՀ ՍԴ-ն որոշում ընդունեց, որով արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչվեց:



102-րդ ռուսական ռազմական բազան Հայաստանում- Անդրկովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական կարեւորագույն օբյեկտներից է, ռուս-հայկական հարաբերությունների գլխավոր գործոններից մեկը: Տեղակայված է Գյումրիում, Երեւանից 120 կմ դեպի հյուսիս: 102-րդ բազան հիմնադրվել է 1995 թ.` միջպետական պայմանագրի համաձայն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---