Եվրոպայի հայերի համագումարն երախտապարտ է «Հայ դատին» սատարող Եվրոպայի երկրներին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության երրորդ տարելիցի եւ Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ, Եվրոպայի հայերի համագումարը (AAE) իր երախտագիտությունն է հայտնել միջազգային հանրությանը, մասնավորապես այն եվրոպական երկրներին, կազմակերպություններին եւ քաղաքական ուժերին, որոնք սատարում են Հայ դատին: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած AAE բանաձեւի մեջ:



«Թուրքիան լկտիություն ունի մեղադրելու Եվրամիությանը «քրիստոնեական ակումբ» անվանելով այն, այն դեպքում, երբ Թուրքիայում շարունակվում են հայերի, ասորիների, հույների եւ այլ ազգերի ներկայացուցիչների հետապնդումները: Նման մեղադրանքներով Թուրքիան փորձում է հաղթահարել իրական խնդիր`մարդկային արժեքների ընկալում եւ հարգանք, որոնք ընդհանուր են անկախ գաղափարախոսությունից, կրոնից ու դավանանքից»,-ասվում է AAE հայտարարության մեջ: Կազմակերպությունը հիշեցնում է նաեւ հարեւան երկրների հետ Թուրքիայի լարված հարաբերությունների մասին, Հայոց ցեղասպանության ժխտման եւ Հայաստանի շրջափակման մասին:



«AAE-ն սատարում է բոլոր եվրոպական կազմակերպություններին եւ երկրներին, որոնք գտնում են, որ Թուրքիայի ժողովրդավարացումն անհրաժեշտ նախապայման է ԵՄ-ին անդամակցելու համար: Եվրամիությանն անդամակցելուց առաջ, Թուրքիան պետք է վերանայի իր անցյալն ու հետո գործնական քայլեր կատարի իր արժեհամակարգի կատարելագործման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:



Հայ դատը հայերի քաղաքական պատմության, ազգային-ազատագրական շարժման բոլոր խնդիրների ամբողջականությունն է, որոնք սկիզբ են առել XIX դարի երկրորդ կեսից, եւ նպատակ ունի վերականգնել անկախ հայկական պետականությունն իր պատմական հայրենիքում եւ ամբողջ աշխարհի հայերի միավորումը:



Հայ դատն ունի հետեւյալ ասպեկտները` քաղաքական, տարածքային, տնտեսական, ռազմական, ժողովրդագրական, ազգագրական, իրավաբանական, գիտական, պատմամշակութաբանական, բարոյահոգեբանական:



Հայ դատի ամենահայտնի բաղադրիչն այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից:



Հայ դատի բաժանմունքներ կան աշխարհի բոլոր հայկական համայնքներում: ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական գծով ղեկավարն է Կիրո Մանոյանը:



Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայրսւթյան գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:



Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապաես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:



Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:



Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:



Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:



Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին, Ստամբուլում, «Ակոս» թերթի խմբագրության առջեւ: Ավելի քան երկու տարի ձգվող դատավարությունից հետո մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի քնության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Հրանտ Դինքին սպանել է 18-ամյա Օգյուն Սամասթը: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ սպանության անմիջական պատվիրատուն միանգամայն այլ մարդ էր: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որին նույնպես սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով:



Թուրքիան սկսել է ԵՄ-ն անդամակցելու բանակցությունները 2005 թ-ն: ԵՄ-ի նախատիպը հանդիսացող Եվրոպական տնտեսական ընկերակցության հետ Թուրքիան 1963 թ-ն ստորագրել է պայմանագիր, որում ճանաչվում էր միությանը անդամակցելու երկրի իրավունքը:



1978-1979թթ. Թուրքիային Հունաստանի հետ միասին հրավիրում էին անդամակցել ԵՏԸ-ն, սակայն Թուրքիան հրաժարվեց:



1980 թ-ի ռազմական հեղաշրջումից հետո Եվրոպան կասեցրեց իր հարաբերությունները Անկարայի հետ: Բանակցությունները վերսկսվեցին միայն 1983 թ-ց հետո: Այնուամենայնիվ, 1997 թ-ն կայացած գագաթնաժողովին ԵՄ-նը հրաժարվել է Թուրքիային ճանաչել ԵՄ-ն անդամակցելու թեկնածու: Այդ իրավունքը նա ստացավ միայն 2000 թ-ն այն պայմանով, որ երկիրը կբարելավվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրությունը:

2002 թ-ի օգոստոսին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների ծրագիրը: Եվ 2004 թ-ի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Թուրքիայի ԵՄ-ն անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկին:



Թուրք-եվրոպական հարաբերությունները բարդանում են նրանով, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Կիպրոսի անկախությունը, որը 2004 թ-ն անդամակցում է ԵՄ-ը: 1974 թ-ն Թուրքիան օկուպացիայի է ենթարկել կղզու հյուսիսային մասը, եւ այդ ժամանակից ի վեր նրա կառավարությունը չի ճանաչում հարավային կառավարության`հունական մասի լեգիտիմությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---