Նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում կարող է ավարտվել հերթական Մայնդորֆի հռչակագրով

PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա եռակողմ հանդիպման ընթացքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի»,-Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտաարրել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա, հանդիպման ժամանակ, հավանաբար, տեղի կունենան լուրջ քննարկումներ, որտեղ Ռուսաստանը կփորձի հասկանալ, թե որ դաշտում են մանեւրելու Հայաստանն ու Ադրբեջանը:



«Նույնիսկ եթե հանդիպման ժամանակ որեւէ փաստաթուղթ ստորագրվի, այն կլինի Մայնդորֆի հռչակագրի նմանությամբ»-ասել է Արզումանյանը` հավելելով, որ նման փաստաթղթերը զգալի ազդեցություն չեն ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Ընդ որում, նա նշել է, որ դա չի կարող հիմք հանդիսանալ այն բանի համար, որ Թուրքիան մտածի, թե զգալի տեղաշարժ կա հակամարտության կարգավորման մեջ եւ փոխարենը վավերացնի Արձանագրությունները:



Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Սոչիում հունվարի 25-ին:



Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն):1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: 65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:



Մայնդորֆի հռչակագիր: 2008 թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները մերձմոսկովյան Մայնդորֆում ստորագրեցին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հռչակագիրը:



Փաստաթղթում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հայտարարեցին, որ մտադիր են «նպաստել իրավիճակի առողջացմանը Հարավային Կովկասում եւ ապահովել կայունության ու անվտանգության հաստատումը տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով` միջազգային սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»:



Հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական միջնորդական ջանքերի կարեւորությունը` հաշվի առնելով 2007թ. նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթուղթը եւ հետագա բանավեճերը:



Կողմերը համաձայնության եկան, որ «խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով նրա բոլոր ասպեկտներում ու փուլերում»:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---