Չենգիզ Աքթար. Հայ-թուրքական պատմական ենթահանձնաժողովը դժվար թե գործունակ կլինի

PanARMENIAN.Net -
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններով նախատեսված պատմական ենթահանձնաժողովը դժվար թե գործունակ կլինի: Այդ մասին հայտնեց Ստամբուլի Բախչեշեհիր համալսարանի պրոֆեսոր, «Հայեր, նրեք մեզ» քարոզարշավի նախաձեռնողներից մեկը` Չենգիզ Աքթարը: «Անգամ ծիծաղելի է մտածել, որ այդ հանձնաժողովը կարող է գոնե մեկ հանդիպում անցկացնել, էլ չենք խոսում այն մասին, որ այն կարող է որեւէ որոշում ընդունել»,- ասաց թուրք պրոֆեսորը: Աքթարի կարծիքով, հանձնաժողովի մեջ մի կողմից կմտնեն Հայոց ցեղասպանությունը ժխտող մասնագետներ, մյուս կողմից` այդ փաստը ճանաչած գիտնականներ: «Նրանք անգամ ընդունակ չեն լինի թեւ թափ տալ»,- ասաց պրոֆեսորը: Նա ավելացրեց, որ Երուսաղեմի, Անկարայի եւ Բոստոնի արխիվները բացելն ավելի կառուցողական կլիներ հանձնաժողովի համար:



Ինչպես ասվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններում, «ոչ ուշ, քան միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից մեկ ամիս անց պետք է մեկնարկի պատմական հարթությամբ` երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված, ինչպես նաեւ պատմական փաստաթղթերի եւ արխիվների անաչառ գիտական հետազոտման եւ առաջարկների ձեւակերպման ճանապարհով խնդիրները պարզելու համար երկխոսության կարգավորմամբ զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքը` հայ, թուրք, շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



«Հայեր, ներեք մեզ» հանրագիրը Ինտերնետում տեղեկայվեց 2008 թվականի դեկտեմբերի 15-ին: Այս նախաձեռնության հեղինակներն են Ստամբուլի Բախչելիի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների եւ հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ: Հանրագրի տակ ստորագրել են մոտ 30 հազար հոգի: «Ես չեմ կարող հաշտվել Օսմանյան կայսրությունում հայերին պատուհասած աղետի եւ դրա ուրացման հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում եմ սեփական կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»,- ասվում է փաստաթղթում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---