Էրդողան. Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն ի սկզբանե անհաջող ընթացք ստացավ

PanARMENIAN.Net -
Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն ի սկզբանե անհաջող ընթացք ստացավ: Ինչի շուրջ ենք մենք բանակցում: Ինչ ենք անելու: Հայաստանը պետք է ընկալի դա, որովհետեւ մենք կատարելու ենք Արձանագրություններով ստանձնած մեր պարտավորությունները: Երկու կողմերը պետք է քննեն իրենց դիրքորոշումները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում: Չնայած այս ամենին, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել այս գործընթացը: "Երկու կողմերը ճանապարհային քարտեզ ունեն եւ պետք է գործեն այնպես, ինչպես գործել ենք մինչ օրս",-ասել է Թուրքիայի վարչապետը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են ՀՀ եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավուդօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Վերջինս հանդես է գալիս որպես միջնորդ հայ-թուրքական բանակցություններում 2007 թվականից: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: 2010թ. Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Ոչ մի նախապայման Արձանագրությունների վերաբերյալ ՍԴ եզրակացության մեջ չկա, քանի որ դա հակասում է դատավճռի կայացման կանոններին: ՍԴ որոշումն ազդարարում է, որ Հայ-թուրքական Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը եւ Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես մեկնաբանել է ՀՀ ՍԴ որոշումը Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վերաբերյալ: Ինչպես ասված է Թուրքիայի ԱԳՆ կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ է պարունակում, որոնք խախտում են Արձանագրությունների տառն ու ոգին:



"2010թ. Հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն ճանաչեց, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խախտում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ նրանց հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից",-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն է ակնկալում հայկական կողմից:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---