13 փետրվարի 2010 - 14:39 AMT
PanARMENIAN.Net -
Փետրվարի 13-ից 14-ը Երեւանում` ՀՀ կառավարության շենքում, անցկացվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Նիստը կբացվի ՀՀ վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթով: Օրակարգում են քննարկումներ մրցունակության հիմնադրամի եռամյա գործունեության պլանավորման, ընթացիկ տարվա բյուջեի եւ ակնկալվող արդյունքների շուրջ:
Ինչպես Հայաստանի կառավարության շենքում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հաղորդեց ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, քննարկման կդրվեն Կրթության եւ գիտության մրցունակության կենտրոնի ծրագրի իրագործելիության ուսումնասիրության արդյունքները: «Նիստին կքննարկվի մրցունակության հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունը Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման մասին, ինչպես նաեւ կառավարության կողմից ցիկլոտրոնի ձեռքբերման որոշումը: Ցիկլոտրոնի ձեռքբերման համար մոտ 11 մլն եվրոյի չափ գումար կպահանջվի, իսկ Հայաստանում Հայաստանում ուռուցքաբանության զարգացման ողջ ոլորտը` սկսած սարքավորումների ձեռքբերումից, անձնակազմի ապահովումից եւ շենքերից, 35-40 մլն եվրոյի չափով ներդրումներ է պահանջում»,- ասաց նա:
Կներկայացվի Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության` հիմնադրամի հետ միավորման գործընթացը, զբոսաշրջության խթանման ծրագիրը եւ հիմնադրամի համագործակցությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ:
Նիստին հրավիրված մասնակիցների թվում են ՄքՔինզի ընկերության Գերմանիայի գրասենյակի խորհրդատու Ռեյնհարդ Վիհելսը եւ Մոսկվայի Մեդիակրատ ընկերության ներկայացուցիչ Արման Ջիլավյանը:
Ուռուցքաբանությունը (օնկոլոգիա) բժշկության մի բաժին է, որն ուսումնասիրում է ուռուցքները, դրանց ծագումնաբանությունը, առաջացման եւ զարգացման մեխանիզմներն ու օրինաչափությունները, պրոֆիլակտիկայի եւ բուժման մեթոդները:
Ցիկլոտրոնը ոչ ռելյատիվիստական ծանր լիցքավորված մասնիկների (պրոտոնների, իոնների) ցիկլային արագացնող սարք է, որում մասնիկները շարժվում են մշտական եւ միասեռ մագնիսական դաշտում, իսկ դրանց արագացման համար օգտագործվում է անփոփոխ եւ բարձր հաճախականությամբ էլեկտրական դաշտ: