17 փետրվարի 2010 - 20:47 AMT
Թիվ 10/12 ՏԸՀ նախագահին մեղադրանք է առաջադրվել ընտրությունների արդյունքները կեղծելու համար


Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 10/12 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից ընտրակեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Հրապարակված տեղեկատվության ստուգմամբ պարզվել է, որ 2010թ. հունվարի 10-ին կայացած ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ընթացքում թիվ 10/12 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ <b>Գ.Գալոյանը</b>, ընտրությունների ընթացքում ընտրացուցակներում գրանցումներ կատարելու եղանակով կեղծել է քվեարկության արդյունքները:

Մասնավորապես` հանձնաժողովի անդամներից եւ տեղամասում գտնվող այլ անձանցից գաղտնի ընտրացուցակների 27-րդ էջում նշված թիվ 1655 հերթական համարի դիմաց գրանցված Ա. Բուռնուչյանի անվան դիմաց նշել է կեղծ անձնագրային տվյալներ եւ ստորագրել` ստեղծելով տպավորություն, թե իբր վերջինս ներկայացել է ընտրության, ապա վերցրել է մեկական քվեաթերթիկ եւ ծրար, քվեաթերթիկում համապատասխան նշում կատարել եւ այն ծրարի մեջ դնելուց հետո գցել քվեատուփ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Գ. Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով:

Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

2010 թ. հունվարին Երեւանի թիվ 10/12 ընտրատեղամասում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը: Այս ընտրատարածքում մրցում էին երեք թեկնածուներ` «Ազգային միաբանությունից» Արա Սիմոնյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը եւ ազատազրկման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: