ՀՀ մշակույթի նախարարությունը 40 մլն դրամ կստանա «21-րդի հեռանկարներ» փառատոնի անցկացման համար

PanARMENIAN.Net -
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել պետական խորհրդանիշների հանրահռչակման եւ քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրին: Դրա մշակումը բխում է Հայաստանի հասարակության քաղաքացիական, հայրենասիրական գիտակցության բարձրացման, հոգեւոր ներուժի խթանման անհրաժեշտությունից եւ ենթադրում է պետականամետ աշխարհայացք ունեցող քաղաքացու դաստիարակություն, որը կդրսեւորվի հայրենիքի, հասարակության բարօրությանն ուղղված պատասխանատվության զգացումով, ինչպես նաեւ պետությանը գիտակցված ծառայելու պատրաստակամությամբ:



Գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով հաստատվել էր Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը: Կառավարությունն ընդունել է «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Երեւանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար:



«21-րդի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի 2010թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով կառավարությունը «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» Հ/Կ-ին տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանն հատկացրել է 40000.0 հազար դրամ: Համերգաշրջանին մասնակցելու են ինչպես անհատ կատարողներ` Պլասիդո Դոմինգոն (տենոր), Պինկաս Ցուկերմանը (ջութակ), այնպես էլ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Բորոդինի անվան լարային քառյակը եւ այլ կոլեկտիվներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այս միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանավորությամբ եւ բացառիկ հնարավորություն է ընձեռում, որպեսզի հայ երաժշտասեր հասարակությունը ունկնդրի բարձրակարգ եւ որակյալ դասական երաժշտություն:



«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների մտավոր եւ ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչների սահմանումը վերապահվել է հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, ուստի գործադիրը ուժը կորցրած է ճանաչել իր ավելի վաղ ընդունած համապատասխան որոշումը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---