Ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում կարող է իշխանափոխության պատճառ դառնալ

Ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում կարող է իշխանափոխության պատճառ դառնալ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվ գործունեությունը հարկավոր չէ գնահատել միայն զանգվածային միջոցառումներով, քանի որ հանրահավաքների միջանկյալ ժամանակահատվածում հսկայական աշխատանք է կատարվում: Այդ մասին հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ըստ Սուրենյանցի, Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը կասկածելի է եւ նրանք երկու ելք ունեն իրավիճակից` կամ համակարգային բարեփոխումներ կատարել, կամ ներքաղաքական ճգնաժամը կհանգեցնի իշխանափոխության:

Իր հերթին Արտակ Զաքարյանը նշել է, որ լեգիտիմությունը սոցիալ-հոգեբանական բնույթի հասկացություն է եւ նույնիսկ 20 000-անոց հանրահավաքով հնարավոր չի որոշել Հայաստանի ղեկավարության օրինականության մակարդակը: «Այժմ բոլոր պետական մարմինները գործում են բնականոն ռեժիմով եւ օրենքի շրջանակներում եւ այստեղ բոլորովին տեղին չեն խոսակցությունները ներքաղաքական ճգնաժամի կամ իշխանափոխության նախադրյալների մասին»,-ասել է պատգամավորը:

Հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ Սուրենյանցը նշել է, որ ինքը կողմ է այդ քաղաքականությանը, հավելելով, որ Հայաստանը պետք է առաջինը վավերացնի Հայ-թուրքական արձանագրությունները: «Այստեղ իմ դիրքորոշումը կարող է չհամընկնել ՀԱԿ-ի հետ, սակայն իմ համար գլխավորը առկա խնդիրների հանդեպ սեփական մոտեցում ունենալն է»,-նշել է նա:

Միեւնույն ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն անմիջականորեն չի վերաբերում Հայաստանին, այլ թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող խնդիր է: «Հայաստանի մասնակցության աստիճանն այստեղ սահմանափակվում է միայն հայկական սփյուռքի ներգրավման մասով»,-ասել է նա:

Հայաստանի հանրապետական կուսակցություն

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնվել է 1990թ. Աշոտ Նավասարդյանի կողմից: Կուսակցության գաղափարախոսական հենքը հայ քաղաքական գործիչ եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատար Գարեգին Նժդեհի ուսմունքն է: ՀՀԿ կազմավորումը կապված է 1988թ. ազգային-ազատագրական պայքարի հետ: Կազմակերպչական հիմք է ծառայել այդ պատերազմի սկզբում ձեւավորված «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Պաշտոնապես որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ-ն գրանցվել է 1991 թվականի մայիսի 14-ին:

Կուսակցությունը զգալի ավանդ է ունեցել Զինված կամավորական ջոկատների համակարգող խորհրդի աշխատանքներում, աջակցելով հանրապետությունում իրավակարգի հաստատմանը, իսկ կանոնավոր Ազգային բանակի ձեւավորումից հետո ՀՀԿ-ն հայտարարեց իր ապառազմականացման մասին:

2006թ. հուլիսին տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարը հռչակեց ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն: Կուսակցության նախագահը հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. եղել է Աշոտ Նավասարդյանը, 1997-2005թթ.` Անդրանիկ Մարգարյանը: Ներկայումս կուսակցությունը գլխավորում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---