Հայկական խաղաքարտ` Իսրայելը չի կարողանա «վրեժխնդիր լինել» թուրքերից

PanARMENIAN.Net - Իսրայելի որոշ քաղաքական գործիչներ գնալով ավելի շատ են հակվում այն մտքին, որ պաշտոնական Իսրայելը պետք է «նեղի» թուրքերին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Սակայն «ՄԵՐԵՑ» խորհրդարանական դաշինքի նախագահ, պրոֆեսոր Յաիր Օրոնը վստահ է, որ դա տեղի չի ունենա, գրում է Ալեքսանդր Գոլդշտեյնը` IzRus պորտալի գլխավոր խմբագրի տեղակալը:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանն առաջարկել է մարտի 4-ին քննարկման դնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Սակայն նման բանաձեւի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վաշինգտոնի հարաբերությունների վրա Անկարայի հետ, ուստի այդ նախաձեռնությունն ի սկզբանե տապալման է դատապարտված: Իսրայելում եւս բավական կտրուկ են մոտենում 20 դարասկզբի իրադարձություններին, երբ թուրքերը շուրջ 1,5 մլն հայ կոտորեցին: Ապրիլին «ՄԵՐԵՑ» խմբակցության նախագահ Օրոնը կրկին պատրաստվում է քննարկման դնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը, սակայն ամեն տարի Քնեսեթը փաստորեն արգելափակում է այս նախաձեռնությունը եւ այս անգամ նման իրավիճակը կկրկնվի: «Իսրայելը պաշտոնապես չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-IzRus պորտալին է հայտնել բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Օրոնը, որը տարիներ շարունակ զբաղվում է այս խնդրով:

«Խորհրդարանական մակարդակով Իսրայելում պատրաստ չեն նույնիսկ քննարկել Ցեղասպանության ճանաչման հարցը,-ասել է Օրոնը:-Սակայն մտավախություն կա վերջնականապես գժտվել թուրքերի հետ: Նույնիսկ այժմ, երբ Երուսաղեմի ու Անկարայի հարաբերությունները բավականին վատթարացել են, Քնեսեթը չի քննարկի հայերի ցեղասպանության հարցը: Ես դրանում վստահ եմ»: Պրոֆեսորն ասել է, որ վերջերս իրեն դիմել էին մի շարք քաղաքական գործիչներ, առաջարկելով օգտագործել Հայոց ցեղասպանության հարցը, թուրքերից «վրեժ լուծելու» համար: Մենք պետք է ճանաչենք Ցեղասպանությունը ոչ թե Էրդողանից վրեժխնդիր լինելու համար, այլ այն պատճառով, որ մեր ժողովուրդը Հոլոքոսթ է վերապրել եւ մենք բարոյական պատասխանատվություն ենք կրում բոլոր նրանց առջեւ, ով ենթարկվել է զանգվածային ոչնչացման»:

Օրոնը համարում է, որ միայն Հայոց ցեղասպանության քննարկումը կարող է կանխել նման ոճրագործություններն ապագայում: «Չճանաչելով եւ չդատապարտելով մյուս ժողովրդների ցեղասպանությունը, մենք նվազեցնում ենք նաեւ Հոլոքոսթի նշանակությունը: Պերեսը հայտարարեց, թե հայերի զանգվածային ջարդը ցեղասպանություն չէ, այլ ողբերգություն, իսկ Իսրայելի նախկին դեսպանը ՀՀ-ում` Ռիվկա Քոենը 2002թ. փետրվարին հրաժարվեց զուգահեռներ անցկացնել հրեաների ու հայերի ջարդերի միջեւ: Դա մեզ պատիվ չի բերում: Մենք պարտավոր ենք հարգել նաեւ այլ ժողովրդների հիշատակը եւ խորհրդարանական մակարդակով քննարկել հայոց ցեղասպանությունը: Մենք, իսրայելցիներս, պետք է առաջինը ճանաչեինք այդ ցեղասպանությունը»,-գտնում է պորտալի զրուցակիցը:

Ըստ նրա, այսօրվա քաղաքական իրավիճակը չի նպաստում այս հարցի առաջխաղացմանը: Նախագահ Շիմոն Պերեսը եւ ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը Ադրբեջանի հետ համագործակցության կողմնակիցներ են եւ շատ բացասաբար են վերաբերվում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Օրանի եղբայրը, որը գլխավորում է «ՄԵՐԵՑ» դաշինքը, շարքային խորհրդարանական է, որն ազդեցություն չունի պետության արտաքին քաղաքականութւան վրա: «Անցյալում, «ՄԵՐԵՑ»-ի մի շարք ներկայացուցիչներ, ներառյալ նախարարներ Յոսի Սարիդին ու Յոսի Բեյլին, ինչպես նաեւ հանգուցյալ Յուրի Շտեռնը կողմ էին հայերի ցեղասպանության ճանաչմանը, սակայն այսօր դրանով զբաղվող չկա: Իմ եղբայրը կրկին կառաջարկի այդ հարցը դնել Քնեսեթի քննարկման, հավանաբար, ապրիլին, սակայն նրա կողմնակից, Զեեւ Էլկինը կոալիցիայի նախագահ է եւ ժամանակ չունի դրանով զբաղվելու համար: Ցավոք, այս տարի եւս Քնեսեթը կանտեսի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ը»:

Յասիր Օրոնը ծնվել է 1945թ.: Նա իսրայելցի պատմաբան է, Եվրոպայի հրեաների աղետի, ռասիզմի եւ ժամանակակից հրեաների պատմության մասնագետ, պրոֆեսոր, Իսրայելի Բաց համալսարանի ամբիոնի վարիչ: Ցեղասպանության գծով պատմաբանների եւ մասնագետների մի շարք միջազգային ասոցիացիաների անդամ է:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---