Չեխ լրագրողը որոշել է հակահարված տալ ադրբեջանական ապատեղեկատվությանը

PanARMENIAN.Net - Այս տարի Լիդիցե հուշահամալիրում ադրբեջանական համայնքը ցուցահանդես է կազմակերպել, որի միջոցով փորձել է ապատեղեկատվություն տարածել Խոջալուի իրադարձությունների մասին: Այդ ցուցահանդեսում ադրբեջանցիները ամեն ինչ այնպես են ներկայացրել, կարծես չեխական Լիդիցե գյուղը, որ ոչնչացվել է ֆաշիստների կողմից, եւ ադրբեջանական Խոջալուն քույր-քաղաքներ են: Ցուցահանդեսում ներկայացվել են քաղաքացիական եւ ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի իբր արված լուսանկարները: Մուստաֆաեւը Խաջալուի ողբերգության վայրից հայտնի ռեպորտաժի հեղինակն է: Սակայն իրականում լուսակնարներից եւ ոչ մեկը չի արվել Մուստաֆաեւի կողմից: Այդ մասին Հայաստանի նախագահի աշխատակազմի Հասարակական կապերի ու տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է չեխ լրագրող Դանա Մազալովան, որը լուսաբանել է մարտական գործողությունների ընթացքը Ղարաբաղում, եւ որը «Նեզավիսիմայա գազետա» թերթին Ադրբեջանի նախագահ Մութալիբովի տված հարցազրույցի հեղինակն է : «Ցավոք, չեխական իշխանությունները չէին ստուգում թե ինչ է ասում ադրբեջանական կողմը եւ մենք, իմ չեխ գործընկերների հետ համատեղ, որոշեցինք հակահարված տալ Ադրբեջանի սեւ PR-ին, ինչը պետք է ուղիղ նշանակետին խփեր: Եվ միակ մարդն, ով կարող էր դա անել, ես էի, քանի որ ես տեսել եմ բոլոր «հում» նյութերը, որն արել է Մուստաֆաեւը»,-ասել է Դ.Մազալովան:

Ընդ որում, նա նշել է, որ այն լուսանկարներում, որոնք ներկայացրել է ադրբեջանական կողմը, պատկերված են մերկ դիակներ, սակայն, իրականում, դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մուստաֆաեւից բացի ոչ ոք նման լուսանկարներ չի արել: «Ինչպես երեւում է տեսանյութում, որը նկարահանել է Մուստաֆաեւը, Աղդամից ոչ հեռու դիակներ են եւ միայն մեկ մարդ է երեւում է, որը շարժվում է եւ ոչ մի կերպ չի արձագանքում ուղղաթիռի հայտնվելուն, եւ այդ մարդը ադրբեջանական համազգեստով էր»,-ասել է Մազալովան:

«Ցուցահանդեսում նաեւ տեսահոլովակ ցուցադրվեց, որտեղ կար Մուստաֆաեւի միայն մեկ լուսանկար»,-ասել է Մազալովան` հավելելով, որ դրա ցուցադրությունից հետո նա հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց Խոջալուի իրադարձությունների մասին իր վարկածը: «Այս ակցիան ես ընկալում եմ որպես Լիդիցեի զոհերի ամենասարսափելի պղծում»,-ասել է չեխ լրագրողը:

Ընդ որում, նա նշել է, որ Մուստաֆաեւին հաջողվեց դուրս հանել մի քանի դիակ, սակայն երբ, նա վերադարձավ մյուսների ետեւից, նրանց դիակներն արդեն այլանդակված էին, իսկ գլխամաշկը հանված: Անդրադառնալով եվրոպացիների դիրքորոշմանն այս հարցում` Մազալովան ասել է, որ, ցավոք, նրանք անտարբեր են նման թեմաների նկատմամբ:

Իր հերթին Արա Սաղաթելյանը նշել է, որ կան մի շարք ապացույցներ, որոնք հաստատում են, որ Խոջալուի բնակիչների համար միջանցք է բացվել, եւ ադրբեջանական կողմի այն հորինվածքները, թե միջանցք չի տրամադրվել, չեն համապատասխանում իրականութնանը: Ըստ նրա, այդ մասին են վկայում նաեւ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որը նա տվել է Մազալովային 1992թ., որտեղ, անդրադառնալով Խոջալուի իրադարձություններին, մասնավորապես, ասել է. «Ինչպես ասում են այն խոջալեցիները, որոնք փրկվել են, այդ ամենը կազմկերպվեց, որ իմ պաշտոնանկությունը որեւէ հիմք ունենա: Ես չեմ կարծում, որ հայերը, որոնք շատ հստակ եւ բանիմացությամբ են վերաբերում նման իրավիճակներին, կարող էին թույլ տալ ադրբեջանցիներին ստանալ փաստաթղթեր, որոնց հիման վրա հնարավոր կլիներ նրանց մեղադրել ֆաշիստական գործողությունների մեջ: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված էր նրանում, որ հետո այդ կադրերը ցուցադրվեն ԳԽ նստաշրջանում եւ բոլորը կենտրոնանան իմ անձի վրա: Եթե ես հայտարարում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, կարող են ասել, որ ես զրպարտում եմ նրանց: Սակայն դատողությունների ընդհանուր ֆոնը հետեւյալն է` հայերը միջանցք էին թողել, որպեսզի մարդիկ կարողանան հեռանալ: Այդ դեպքում ինչո՞ւ նրանք պետք է կրակեին: Առավել եւս, որ Աղդամի մոտակայքում այն ժամանակ բավական ուժեր կային, մարդկանց օգնելու համար: Կամ ուղղակի պայմանավորվել, որ խաղաղ բնակիչները հեռանում են: Նման պրակտիկան անընդհատ էր գործում»:

Սաղաթելյանը հաղորդել է նաեւ, որ մարտի վերջում ֆիլմ կներկայացվի սումգայիթյան իրադարձությունների մասին, որտեղ կցուցադրվեն եզակի կադրեր, նկարահանված ռուս մասնագետների կողմից:

Իր կողմից քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, որը նույնպես ներկա էր լրագորղների հետ հանդիպմանը, հավելեց, որ Դանա Մազալովան այդ իրադարձությունների անգնահատելի վկա է, որը կարող է հերքել սուտը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---