Էրդողանի խոսքերը համաշխարհային հասարակությանը զարմացրին, նույնիսկ ցնցեցին

Էրդողանի խոսքերը համաշխարհային հասարակությանը զարմացրին, նույնիսկ ցնցեցին PanARMENIAN.Net - Իր երկրից Հայաստանի քաղաքացիների հնարավոր վտարման մասին Էրդողանի խոսքերը աշխարհի հասարակությանը զարմացրին, նույնիսկ ցնցեցին: Բնականաբար, ոչ մի խելամիտ անձ չի անի այդ բանը, եւ կարծում եմ` նաեւ Էրդողանը չի հավատում իր ասածներին: Այս մասին PanARMENIAN.Net ին ասել է քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:



Նրա կարծիքով, երկու երկրների ԱԳ նախարարների ստորագրած արձանագրությունները ժամանակի ընթացքում ցույց տվեցին իրենց վնասակարությունը, ինչի մասին մամուլում ասվում էր դրանց ի հայտ գալուն պես: «Ժամանակը ցույց տվեց, որ դրանք ոչ միայն չեն կարող լուծել երկու երկրների միջեւ եղած հիմնախնդիրները, այլեւ նոր խնդիրներով են հղի: Միամիտ են այն սպասումները, որոնք թեժացնում էին «քարոզչական ճակատի հերթապահ մարտիկները»: Կարեւոր է նաեւ հարցի մեկ այլ կողմը` այն ֆոնը, որ հիմք տվեց Էրդողանի հայտարարությանը: Այդ ֆոնը, որ ձեւավորվում է վերջին մի քանի տարիներին, կապված է այս արագ փոփոխվող աշխարհում Թուրքիայի նոր տեղի եւ դերի դեռեւս անհաջող որոնումների հետ: Ներկա փուլում իրավիճակը կարելի է բնութագրել որպես խաբուսիկ, որ քաղաքական պատասխանատուները ժամանակ առ ժամանակ մի ծայրահեղությունից նետում են մեկ այլ ծայրահեղություն: Իսկապես, Թուրքիայում հասարակական- քաղաքական գործընթացները շատ բարդ են: Դրանով էլ բացատրվում է այն, որ համաշխարհային հասարակությունը դեռեւս միայն հետեւում է, թե Էրդողանը ինչպես է ձերբակալում բարձրաստիճան զինվորականներին», - ասել է հայ փորձագետը:



Ռուբեն Մեհրաբյանն ընդգծել է նաեւ, որ այս իրավիճակում հայ քաղաքագետների համար կարեւոր է, որ չկորցնեն սառնասրտությունը, սադրիչ հայտարարություններին չտրվեն, առանց այն էլ լարված հարաբերությունները հեռու պահեն «հիմարության գործոնից»: «Չէ որ բոլորի համար պարզ է, որ արձանագրություններն ապագա չունեն, որ հայ-թուրքական հարաբերություններին դրանք հակասում են, եւ մեղավորներ են պետք դրանց «ձախողման» համար: Մեզ դա պե՞տք է: Այդպիսի բովանդակությամբ արձանագրություններ ստորագրելով` հայկական դիվանագիտությունն արդեն աններելի սխալ է թույլ տվել, եւ պետք է խուսափել դրանք խորացնող հայտարարություններից, քայլերից», նշել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---