Բրիտանական խորհրդարանը քվեարկության չառաջադրեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քվեարկության չառաջադրվեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեց հայ համայնքի ղեկավար Քարդիֆֆա Ջոն Թորոսյանը:



Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում տեղի ունեցան «1915-1917թթ. Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների» վերաբերյալ լսումները, որի նախաձեռնողը անկախ պատգամավոր, բարոնուհի Քերոլայն Քոքսն էր:



Քննարկումների ընթացքում լեդի Քոքսը հիշեցրեց, որ Թուրքիայի կառավարությունը մինչ օրս ժխտում է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության փաստը եւ հանդես գալիս միջազգային հանրության կողմից դրա ճանաչման դեմ: Ելույթ ունենալով կառավարության անունից` բարոնուհի Քիննոքը հայտնեց, որ որ Օսմանյան կայսրությունում բնակված էթնիկ հայերի եւ բոլոր քրիստոնեական փոքրամասնությունների, այդ թվում` ասորիների ճակատագիրը քննարկվել է դեռեւս 1915 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած կառավարության նիստում: Սակայն նա բանաձեւի ընդունումը վաղաժամ համարեց:



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Լոնդոն կատարած այցի ընթացքում արդարադատության նախարար Ջեք Սթրոն Թուրքիայի վարչապետին խոստացավ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը չի առաջադրվի քվեարկության:



Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը:



Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/քաղդեցիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները:
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---