Սերժ Սարգսյան. Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության հարց է

Սերժ Սարգսյան. Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության հարց է

PanARMENIAN.Net - Վերջերս Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ թուրքերը չէին կարող իրագործել Հայոց ցեղասպանությունը, իսկ թուրքական պատմությունը “արեւի պես պարզ է ու պայծառ “: Թուրքերը դեմ են կատարվածը Ցեղասպանություն որակելուց: Սակայն սա այն հարցը չէ, որը պետք է Անկարան լուծի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Der Spigel ամսագրին տված հարցազրույցում: “Ապօրինի ներգաղթյալ հայերին Թուրքիայից արտաքսելու վերաբերյալ անընդունելի հայտարարությունները իմ ժողովրդի հիշողության մեջ արթնացնում են հիշողությունները Ցեղասպանության մասին: Ցավոք, նման հայտարարությունները, որ հնչում են թուրք քաղաքական գործիչների շուրթերից, անսպասելի չեն ինձ համար: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի: Ամերիկան, Եվրոպան, ինչպես նաեւ Գերմանիան, հայ-թուրքական հաշտեցման գործընթացին առնչվող բոլոր երկրները պետք է հրապարակավ իրենց դիրքորոշումը հայտնեն: Եթե բոլոր երկրները արդեն ճանաչած լինեին Ցեղասպանությունը, ապա թուրքերը նման հայտարարություններ չէին անի: Թուրքիայում երիտասարդների բազմամարդ բողոքի ցույցերն այդ հայտարարության դեմ, հույս են ներշնչում: Այնտեղ նոր սերունդ է աճում, որի կարծիքի հետ քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի նստի”,-ասել է Հայաստանի ղեկավարը: Սերժ Սարգսյանը նշել է նաեւ, որ պատմական հանձնաժողովը չի կարող անաչառ աշխատել, եթե Թուրքիայում “Ցեղասպանություն” տերմինի օգտագործման համար մարդկանց հետապնդում են եւ դատապարտում: “Անկարայի համար կարեւոր է ձգձգել որոշումների կայացման գործընթացը, քանի որ, երբ այլ երկրների խորհրդարանները կամ կառավարությունները փորձում են Ցեղասպանության մասին բանաձեւեր ընդունել, նա կարող է ասել` մի խանգարեք, տեսեք, մեր պատմաբաններն են լուծում այդ հարցերը: Նման հանձնաժողովի ստեղծումը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի հանդեպ իրագործված Ցեղասպանության փաստը: Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության եւ մեր ազգային անվտանգության հարց է: Նման սարսափելի ոճրագործության կրկնությունը կանխելու լավագուն ճանապարհը նրա հստակ դատապարտումն է: Միեւնույն ժամանակ, ինչպես դուք նշեցիք, Թուրքիան վախենում է տարածքային պահանջներից եւ փոխհատուցումից: Արարատը ոչ ոք չի կարող մեզնից խլել: Արարատը մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայի տանը դուք անպայման կգտնեք Արարատի պատկերը: Ես վստահ եմ, որ կգա մի ժամանակ, երբ Արարատը կդառնա ոչ թե անջատման, այլ երկու ժողովրդների փոխըմբռնման խորհրդանիշ: Հստակեցնեմ, սակայն, հետեւյալը, Հայաստանի ոչ մի պաշտոնյա երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են վերագրում դա մեզ: Գուցե դա մեղքի գիտակցումի՞ց է: Մենք չենք շաղկապում Ցեղասպանության ճանաչումը սահմանների բացման հետ: Եվ մեր մեղքը չէ, որ հաշտեցում տեղի չի ունենում: Թուրքերը պարբերաբար մեզանից զիջումներ են ակնկալում: Սակայն, դա անհնար է: Կարեւորագույն հարց է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, որ հարցը հնարավոր կլինի լուծել հաշված ժամերի ընթացքում: Ցավոք, նրանք մինչ այժմ համարում են, որ պետք է վերադարձնեն Ղարաբաղը: Իսկ Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ կնշանակի Լեռնային Ղարաբաղի լիակատար հայաթափում կարճ ժամանակահատվածում”,-ասել է Սարգսյանը:

Նա հիշեցրել է նաեւ, որ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: “Այդ դեպքում, ինչո՞ւ Ղարաբաղը չպետք է նույն իրավունքից օգտվի: Միթե՞ լոկ այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ եւ Թուրքիայի հովանավորությունն ունի: Մենք կարծում ենք, որ դա արդարացի չէ”,-ասել է Հայաստանի նախագահը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---