Հայաստանի խաղային գործի ոլորտոմ կներդրվեն լիցենզավորման ու վերահսկման միջազգային մեթոդներ

PanARMENIAN.Net - Հայաստանում խաղային գործի ոլորտի բարեփոխումը բխում է Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարող միջազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային նորմերից, որոնք ընդունված են աշխարհի բոլոր զարգացած երկրներում: Այդ մասին ՀՀ կառավարության մամլո ասուլիսում ասել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը` ներկայացնելով խաղային գործի բարեփոխման մասին նոր հայեցակարգը: Հայաստանի կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ խաղային գործի բնագավառի կարգավորման եւ վերահսկողության մասին» հայեցակարգին եւ դրանից բխող միջոցառումների ծրագրին: Հայեցակարգի նպատակն է, հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, ՀՀ-ում շարունակել խաղային գործի բնագավառի կարգավորումը, ինչպես նաեւ ներդնել վերահսկողության եւ լիցենզավորման պայմանների հստակեցման մեխանիզմները: Նրա խոսքերով, հայեցակարգով նախատեսվում է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, ինչպես նաեւ ֆիսկալային պահանջների խստացում: Մասնավորապես, նախատեսվում է խստացնել պահանջները խաղատներ բացող անձանց, ինչպես նաև շահումով խաղերի կազմակերպիչների հանդեպ: Եթե խոսքը գնում է ֆիզիկական անձի մասին, ապա նա չպետք է դատվածություն ունենա, սնանկացման նախադեպ կամ մեկ այլ կազմակերպության սնանկացմանը նպաստող նախադեպ ունենա: “Առաջին փուլում նախատեսվում է խստացնել լիցենզավորումը եւ բարելավել հաշվետվության բոլոր տեսակները` օգտագործելով միջազգային փորձը, ինչն իրագործվելու է առաջիկա 2 տարում”,-ասել է նա: Այդ առնչությամբ Արամյանը հավելել է, որ այսօրվա դրությամբ խաղատների սեփականատերերը ներկայացնում են միայն եռամսյա հաշվետվություններ բյուջեի հանդեպ իրենց պարտավորությունների վերաբերյալ, իսկ այդ ոլորտի լիցենզավորումը ոչ պատշաճ մակարդակի վրա է: Հայեցակարգի իրականացման հաջորդ փուլը նախատեսում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներմուծում եւ տեխնիկական պահանջների խստացում: Փոխնախարարը պարզաբանել է, որ նախատեսվում է ներմուծել մի համակարգ, որը թույլ կտա ունենալ սեփական նույնացման քարտը` ID: “Ստացված տվյալները առանձին օբյեկտների վերաբերյալ կհավաքագրվեն համապատասխան լիազոր մարմնի կողմից, որը ցանկացած պահի կկարողանա հետեւել ցանկացած ապարատի աշխատանքին”,-ասել է նա:

Վ.Արամյանը հաղորդել է նաեւ, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 11 լիցենզավորված խաղատուն եւ 103 շահումով խաղերի կազմակերպիչ, ընդ որում պետբյուջեն ամեն տարի այդ ոլորտից ստանում է շուրջ 4 մլրդ դրամ հարկային մուտքեր: Ընդ որում մեկ խաղային սեղանից հաստատագրված վճարը կազմում է 4 մլն դրամ ամսական եւ 125 000 դրամ` խաղային ապարատից: Ըստ հայեցակարգի, նախատեսվում է, որ սկսած 2013 թվականից խաղատներից գանձվելու է միասնական պետական տուրք տարեկան 1,2 մլրդ դրամի չափով, որը կնվազի մինչեւ 400 մլն դրամ ըստ գոտիների: “Ֆինանսական եւ օրենսդրական պահանջների խստացումը կհանգեցնի այս ոլորտում խաղացողների խոշորացմանը, ինչը թույլ կտա կրճատել ստվերը”,-ասել է նա:

Ինչ վերաբերում է խաղատներ մուտք գործելու սահմանափակումների խստացմանը, ապա կկատարվեն փոփոխություններ, որոնք կսահմանափակեն պետծառայողների եւ պաշտոնյաների մուտքը խաղատներ: Արամյանը հավելել է, որ որոշակի սահմանափակումներ կներմուծվեն, կապված այդ ոլորտում գովազդի հետ, մասնավորապես, կան երկրներ, որտեղ խաղատների գովազդն արգելված է դպրոցներում եւ մշակութային հաստատություններում, իսկ որոշ երկրներում ընդհանրապես արգելված է: Հայաստանի դեպքում, ասել է փոխնախարարը, այսօրվա դրությամբ բացակայում են պետծառայողների մուտքը խաղատուն սահմանափակող օրենսդրական ակտերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---