“Ազգային պատկերասրահ” VI երաժշտական փառատոնը տեղի կունենա Երևանում ապրիլի 21-ից հունիսի 2-ը

PanARMENIAN.Net - “Ազգային պատկերասրահ” VI երաժշտական փառատոնը կանցնի Երևանում ապրիլի 21-ից հունիսի 2-ը: “Փառատոնի շրջանակներում այս տարի Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում հանդես կգան երաժիշտներ Շվեդիայից, Սլովենիայից, Ռուսաստանից ու Հայաստանից”,-ասել է փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Կբացվի փառատոնը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի , ՀՀ վաստակավոր արտիստուհի, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը:

Սլովենական Դուշան Սոջի (կլարնետ) և Տատյանա Կաուչիչի (դաշնամուր) “Duo Claripiano” դուետը ապրիլի 29-ին կկատարի Սեն Սանսի և Շուբերտի ստեղծագործությունները:

Մայիսի 5-ին շվեդ ջութակահար Հյուգո Տիցիատին հանդես կգա դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ: Երաժիշտները կներկայացնեն արդի դասական երաժշտությունը, այդ թվում նաև Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Նատալի Գալստայն) հանդես կգա նոր ստեղծագործությունների կատարմամբ:

Ռուս դաշնակահար Եվգենի Միխայլովի ելույթով մայիսի 26-ին կավարտվի փառատոնը: Իսկ հանդիսավոր փակումը տեղի կունենա հունիսի 2-ին, որի շրջանակներում կնշվեն միանգամից 4 կոմպոզիտորների` Գագիկ Հովունցի և Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակները և Ղազարոս Սարյանի ու Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակները:

“Փառատոնի փակման համերգը կղեկավարի Արամ Թալալյանը և մենք կաշխատենք այնպես կազմել ծրագիրը, որ այն ապահովի անցումը Թալալյան եղբայրների անվան փառատոնին”,-ասել է Մարիամ Շահինյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---