24 ապրիլի 2010 - 12:26 AMT
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. “Այսօր ապրիլի 24-ն է: 95 տարի առաջ այս օրը պետականորեն մշակված ծրագրով սանձազերծվեց մի ոճրագործություն, որն իր ծավալով, հրեշավորությամբ ու հետևանքների ծանրությամբ նախադեպը չուներ ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմության մեջ: Հայերին բնաջնջելու ծրագիրն իրականացրեց Օսմանյան կայսրության պետական մեքենան իր բոլոր կառույցների միջոցով, որոնք գործում էին ըստ հստակ հրահանգների: 1915 թվականի այս օրը դարձավ սահմանագիծ: Հայ ժողովրդի հազարամյակների երթը ճեղքվեց, բաժանվեց երկու մասի` սահմանագծից առաջ և հետո”:

“Մեկ ու կես միլիոն զոհ, հայրենազրկված և տարագիր արված մի ողջ ժողովուրդ, հնամյա մշակույթի ոչնչացում. սա էր հայերի վերջին հետքերը ջնջելու մոլուցքն ու գաղափարախոսությունը պետական քաղաքականության վերածելու հետևանքը: Հաշվարկված էր, որ Մեծ եղեռնից հրաշքով փրկված հայության բեկորները չպետք է կարողանային ուշքի գալ ստացած հարվածից, պիտի լուծվեին հինգ մայրցամաքների միջև ձգվող հորձանուտում և կորցնեին իրենց ազգային ինքնությունն ու քաղաքական գործոն լինելու ունակությունը: Բայց մենք, որպես հավաքական ազգ և իբրև պետություն, մեր մեջ ուժ գտանք վերադառնալու միջազգային քաղաքական բեմ` ասելու համար, որ մենք շարունակում ենք մեր հավերժական ընթացքը և վճռական ենք` թույլ չտալու նման հանցագործությունների կրկնությունը:

Եվ մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աշխարհի շատ ու շատ երկրներում, այդ թվում նաև Թուրքիայում, հասկանում են մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և մեր կողքին են այդ պայքարում: Սա մի գործընթաց է, որի անխուսափելի ծավալումն այլընտրանք չունի:

Այսօր համայն հայության հետ ես գլուխ եմ խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նրանք մեզ պատգամ են թողել` ապրել ու արարել հանուն բարու, գեղեցիկի, հանուն Հայոց հայրենիքի, մեր ազգային իղձերի և համայն մարդկության£ Մենք չե°նք ուրանալու նրանց հիշատակն ու պատգամը”,-ասված է նախագահի ուղերձում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: