ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում արդարադատության համակարգի արդյունավետության առաջընթացին 5 մայիսի 2010 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը այսօր հանդիպեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ` քննարկելու արդարադատության համակարգի բարեփոխումները` ներառյալ վերջերս ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ կողմից հրատարակված դատավարությունների դիտարկման մասին զեկույցում ամփոփված առաջարկների իրագործումը: Կապինոսը բարձր գնահատեց գլխավոր դատախազի կառուցողական մոտեցումը առաջարկներին. «Մենք ուրախ էինք իմանալ, որ ԺՀՄԻԳ զեկույցի առաջարկների մի մասը անմիջապես ընդունվել է և հասկանում ենք, որ որոշ առաջարկներ ժամանակ են պահանջում իրականացնելու համար: ԵԱՀԿ գրասենյակը պատրաստ է աջակցել ՀՀ դատախազության, Արդարադատության նախարարության և Վճռաբեկ դատարանի ջանքերին»: Աղվան Հովսեփյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ աջակցությունը` թերությունները բացահայտելու և համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ` օգնելու Հայաստանում օրենքի գերակայության և արդարադատության համակարգի արդյունավետության առաջընթացին»: Դեսպան Կապինոսը բարձր գնահատեց ՀՀ դատախազության ձեռնարկած գործողությունները` հետաքննելու ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանի` ոստիկանության բաժանմունքում արգելանքի տակ գտնվելու ժամանակ մահվան դեպքի հանգամանքները: Նա նաև ողջունեց գլխավոր դատախազի երաշխավորած նախաձեռնությունը ուսումնասիրել լրագրողների նկատմամբ բռնությունների մասին բողոքներ ներառող դեպքերը, ինչպես նաև բարձրացնելու դատախազության դերը ոստիկանության պատասխանատվության մեխանիզմներում, որը նաև ԵԱՀԿ աջակցությամբ վերջերս հրապարակված զեկույցում դիտարկվող խնդիրներից է: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցել է ՀՀ դատախազությանը` կատարելագործելու վեբ կայքը` խթանելու ինտերակտիվ հաղորդակցությունը և օգնելու կայքից օգտվողներին տեղեկատվություն ձեռքբերել ՀՀ գլխավոր դատախազության գործունեության մասին: ԵԱՀԿ գրասենյակը նաև աշխատում է դատախազության հետ` քրեական տեղեկատվության հավաքագրման կատարելագործման հնարավոր կարիքները գնահատելու, և վերլուծություն իրականացնելու նպատակով կկազմակերպի Գոթինգեմի քրեական իրավունքի համալսարանի միջազգային փորձագետի այցը, հայտնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |