Հյուգո Տիչիատին և Հայկ Մելիքյանը Երևանում կկատարեն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները

Հյուգո Տիչիատին և Հայկ Մելիքյանը Երևանում կկատարեն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կկայանա ապրիլի 21-ից հունիսի 2-ն ընթացող «Արվեստների Պատկերասրահ» միջազգային փառատոնի երրորդ համերգը: Ելույթ կունենան ջութակահար Հյուգո Տիչիատին (Շվեդիա) և դաշնակահար Հայկ Մելիքյանը, որոնք կներկայացնեն ժամանակակից կոմպոզիտորների` Բո Լինդեի, Արվո Պյարտի, Տիգրան Մանսուրյանի, Բելլա Բարտոկի և այլոց ստեղծագործությունները:

«Ազգային Պատկերասրահ» Միջազգային Երաժշտական Փառատոնը, որը կազմակերպվել է «Արվեստների պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամի կողմից` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Գլխավոր հովանավորությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանում անցկացվում է 6-րդ անգամ: Փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ և օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, նվագախմբերի կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է արվեստասեր հասարակայնությանը: Դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելու հետ մեկտեղ, այն նաև խնդիր ունի հասարակայնության լայն շերտերին ծանոթացնելու Հայաստանի Ազգային պատկերասրահի գործունեությանը:

Ջութակահար Հյուգո Տիչիատին ջութակի առաջին դասերը սկսել է Լոնդոնում, նախ Ֆեյթ Ուիթլիի և հետո Սայմն Ֆիշերի ղեկավարությամբ: Այնուհետև շարունակել է դասընթացները ռուս ջութակահարներ Նինա և Օլեգ Բալաբինաների հետ Շվեդիայում:Տասներկու տարեկան հասակում Էդինբուրգյան Փառատոնում և «Թագուհի Էլիզաբեթ» համերգասրահում ունեցած դեբյուտից հետո Հյուգոն իր տաղանդը ցուցադրել է Անգլիայի, Շվեդիայի, Ռումինիայի, Ճապոնիայի, Կորեայի, ԱՄՆ-ի և Էստոնիայի ճանաչված նվագախմբերի հետ: Համերգներում ունեցած մասնակցությունից բացի Հյուգոն դասավանդում է ջութակ, իմպրովիզացիա և երաժշտության պատմություն «Լիլլա Ակադեմիեն» երաժշտական դպրոցում և Նյու-Յորքի երաժշտական համալսարանում:

Դաշնակահար Հայկ Մելիքյանը ծնվել է 1980-ին Երևանում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Ի.Գրիշինսկայայի մոտ, այնուհետ Երևանի Պետական Կոնսերվատորիայում` պրոֆ.Ա.Գուրգենովի դասարանում: Հ.Մելիքյանի համերգային դեբյուտը տեղի է ունեցել Հռոմում “Concerto di Concerti” 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Հ.Մելիքյանը վարում է ակտիվ համերգային գործունեություն` ելույթ ունենալով ինչպես Հայաստանում,այնպես էլ նրա սահմաններից դուրս` Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Ճապոնիայում և Մեքսիկայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---