15 մայիսի 2010 - 15:40 AMT
Մայիսի 16-ին աշխարհը նշում է ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի օրը

Մայիսի 16-ին աշխարհը նշում է ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի օրը: Այդ օրը Երևանում տեղի կունենան մի շարք միջոցառումներ` նշելու համար 20-րդ դարի անբուժելի վարակից մահացածների հիշատակը: Մասնավորապես, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը «Սիրահարների այգում» կազմակերպում է թեմատիկ ցուցահանդես, տեղի կունենա նաև մոմավառության արարողություն: Իր հերթին, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մոմերով երթ է կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներով: Մասնակցելու է շուրջ 150 երիտասարդ կամավոր: Երթը հանգրվանելու է Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիային հարող այգում:

Մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում` «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն եւ «Հանրային Տեղեկատվություն եւ Գիտելիքի Կարիք» ՀԿ-ն հրավիրում ենք մասնակցելու ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը «Կասկադ» համալիրի տարածքում: Միջոցառման ընթացքում կկարվի Քվիլթ եւ կվառվեն մոմեր՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների:

ՁԻԱՀ-ի զոհերի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է Սան Ֆրանցիսկոյում 1983 թվականին: Եվ այժմ նշվում է ամեն տարի` մայիսի երրորդ կիրակի օրը: