Երևանում տեղի ունեցավ «Փրկենք ընձառյուծը Հայաստանում» ակցիան

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ «Փրկենք ընձառյուծը Հայաստանում» ակցիան: Կենդանաբանական այգու մուտքի մոտ մեծ պաստառ է փակցված, որն ազդարարում է ակցիայի մասին: Միջոցառումը նվիրված է կենսաբազմազանության միջազգային օրվան, որը նշվում է մայիսի 22-ին: Ակցիայի կազմակերպիչն է Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամը:

Կենդանաբանական այգու այցելուների համար կազմակերպվել են տարբեր միջոցառումներ` խաղեր ու մրցույթներ: Ինչպես և ակնկալվում էր, ակցիայի շրջանակներում, կենդանաբանական այգի են այցելել նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Տիմոտի Սթրեյթը և քաղաքապետարանի ներկայացուցիչներ: «Այսօրվա միջոցառումը Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավմանն ուղղված «Կենսաբազմազանության պահպանություն եւ համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանի բնապահպանական պլանի նպատակների իրականացում» ծրագրի միջոցառումներից մեկն է, որը մեկնարկել է 2002թ: Մենք նաև անց ենք կացնում տարբեր այլ միջոցառումներ, ինչպիսիք են հատուկ պահպանվող տարածքների պաշտպանության մակարդակի բարձրացումը, որսագողության դեմ պայքարը և այլ ծրագրեր»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Վայրի բնության հիմնադրամի (WWF) հայկական բաժանմունքի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Ակցիան կազմակերպվել է WWF-ի և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության հետ համատեղ` Նորվեգիայի ԱԳՆ-ի աջակցությամբ, «Կենսաբազմազանության պահպանություն եւ համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանի բնապահպանական պլանի նպատակների իրականացում» ծրագրի շրջանակներում:

Ընձառյուծը Հայաստանում հատուկ հսկողության տակ է գտնվում: Այժմ Հայաստանում կա 5-7 ընձառյուծ: Վերջին անգամ ընձառյուծ է ոչնչացվել 3-4 տարի առաջ Շիկահողի արգելոցի տարածքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---