ՀՆԱ դիվերսիֆիկացման ցածր մակարդակը խոցելի դարձրեց Հայաստանի տնտեսությունը

ՀՆԱ դիվերսիֆիկացման ցածր մակարդակը խոցելի դարձրեց Հայաստանի տնտեսությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը սկսեց ներգործել դեռևս 2008 թվականի հոկտեմբեր ամսից, իսկ անկումն իր գագանթնակետին հասավ 2009թ-ի հուլիս ամսին: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` խորհրդարանում ներկայացնելով 2009-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Տնտեսական այս իրավիճակում իր բացասական դերակատարումն ունեցավ նաև մեր տնտեսության նախաճգնաժամային ՀՆԱ կառուցվածքը, որտեղ կապիտալ շինարարությանը բաժին էր ընկնում ՀՆԱ 27 տոկոսը, իսկ այդ մասնաբաժնի 61 տոկոսը, կամ ՀՆԱ 16.4 տոկոսն, իր հերթին, բաժին էր ընկնում ոչ արտադրողական համարվող բնակարանային շինարարությանը: Ընդ որում բնակարանային շինարարության 75 տոկոսն իրականացվում էր մասնավոր ներդրումների հաշվին, որոնք գալիս էին հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից: Արդյունքում երկիր ներհոսող մասնավոր դրամական փոխանցումների ծավալի կտրուկ կրճատման և անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրության անկման պարագայում` կապիտալ շինարարությունը նվազեց ավելի քան 40 տոկոսով` ապահովելով 2009թ-ի 14.2 տոկոս տնտեսական անկման 11 տոկոսային կետը, իսկ զուտ անուղղակի հարկերի անկումը, որը երկրորդ տեղում էր ՀՆԱ անկման նպաստման չափով` 2 տոկոսային կետ: Այսինքն այս երկու գործոնները հիմնականում պայմանավորեցին մեր 14.2 տոկոս տնտեսական անկումը:

«Հիմնական դասերը, որ մենք քաղեցինք, հետևյալն էին. առաջին` տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր աստիճանը ավելի խոցելի է դարձնում մեր տնտեսական համակարգը և ՀՆԱ-ի կառուցվածքից ելնելով շինարարության ոլորտը, ունենալով չափազանց բարձր տեսակարար կշիռ ՀՆԱ-ում, իր լրջագույն հարվածը հասցրեց (և դա նշանակում է, որ դիվերսիֆիկացիայի միջոցով մենք պետք է կարողանանք ապագայում չեզոքացնել բացասական գործոնը) և երկրորդը զուտ անուղղակի հարկերի տեսակարար կշռի 20 տոկոսանոց նվազումն էր 2009թ. ընթացքում, ինչը վկայում է հարկային վարչարարության բարելավման անհրաժեշտության մասին, որպեսզի մենք կարողանանք մի կողմից ապահովել բարենպաստ բիզնես միջավայր այլ ոլորտների զարգացման համար և հավասար մրցակցային պայմաններ», - ասել է ՀՀ վարչապետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---