Հաստատվել են «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագրի մրցույթների արդյունքները

Հաստատվել են «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագրի մրցույթների արդյունքները

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացավ «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը ներկայացրեց անցկացված մրցույթների արդյունքները, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Նշվեց, որ Լոռու և Շիրակի մարզերի վեց դպրոցների վերակառուցման և վերանորոգման համար հայտարարված մրցույթներին մասնակցել են առնվազն երեք, առավելագույնը` ինը ընկերություն: Բոլոր մրցույթներում հաղթող են ճանաչվել մրցույթի պայմաններին բավարարող ամենացածր գնային առաջարկ ներկայացրած ընկերությունները:

Խորհուրդը հաստատեց մրցույթների արդյունքները, ըստ որոնց շուրջ 715 հազ. ԱՄՆ դոլարի խնայողություն է արվել, որը հետագայում կարող է ուղղվել լրացուցիչ աշխատանքների իրականացմանը:

Միաժամանակ մարզպետներին և ԾԻԳ-ի ղեկավարին առաջարկվեց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ տանել` ֆինանսավորումն իրականացնելուն պես շինաշխատանքներն անմիջապես սկսելու ուղղությամբ: Խորհրդի նիստում քննարկվեցին նաև կազմակերպչական այլ հարցեր:

Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության երրորդ ծրագիրն իրականացվելու է Լոռու և Շիրակի մարզերում: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2012թ. մարտին, ծրագրի հետերաշխիքային ժամկետը մեկ տարի է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---