“Մասիս, Սիս և Նոր Հայաստան” հանգստավայրը կխորհրդանշի վերածնված Հայաստանը Եղեռնից 100 տարի անց

“Մասիս, Սիս և Նոր Հայաստան” հանգստավայրը կխորհրդանշի վերածնված Հայաստանը Եղեռնից 100 տարի անց

PanARMENIAN.Net - Հայաստանում ծրագրվում է իրականացնել նոր խոշոր ներդրումային ծրագիր` “Մասիս, Սիս և Նոր Հայաստան” լճափնյա հանգստավայրեր, որի ընդհանուր արժեքը կկազմի 500 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Զարգացման հայկական գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյանը: “Համալիրը գտնվելու է մայրաքաղաք Երևանից դեպի հյուսիս ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա, և մոտ է Աշտարակ և Աբովյան քաղաքներին, գլխավոր մայրուղիներին, ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանին”,- նշեց գործակալության ղեկավարը: Նա ընդգծեց, որ նման խոշոր ծրագիրը հսկայական կանխիկ և վարկային միջոցների կարիք ունի, որի ձեռք բերման հարցում իրենց օժանդակությունն են առաջարկել Դը Իննովեյշն Կապիտալ-ի մասնագետները: Հարությունյանի խոսքերով, համալիրն ունի շուրջամյա սպորտաձևերի ու զբաղմունքների զարգացման համար բարենպաստ բնակլիմայական պայմաններ:

Իր հերթին, Հայաստանում ծրագրի հեղինակային խմբի ղեկավար Արմեն Վարդանյանը նշեց, որ բանակցություններ են անցկացվել և ծրագրի նպատակահարմարության ուսումնասիրության կարիք կար: “Կատարվեց հետազոտություն և արդյունքները հուսադրող են: Ծրագիրը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, կշրջանառվի Հայաստանի անունը, ինչը կնպաստի շատ հարցերի, այդ թվում կօժանդակի Հայոց ցեղասպանության ճանաչմանը”,- ընդգծեծ Վարդանյանը:

Ծրագրի ղեկավարը այս նախագիծը ինչ-որ առումով դիտարկում է որպես “Հայաստանը ողբերգությունից 100 տարի անց” ծրագիր: “Համալիրը ընդգրկում է մի քանի 5 աստղանի հյուրանոցներ, ժամանցային վայրեր, ջրամբարի կառուցումը (դեռևս1984թ), այն կծառայի հանրապետության կարիքներին հնարավորություն կտա բնական ռեսուռսներն ավելի արդյունավետ օգտագործել”,- հաղորդեց Վարդանյանը: Ըստ նրա, ծրագիրը շահութաբեր կլինի ներդնողների համար, և համալիրի կառուցման ընդհանուր արժեքի մեջ կմտնի Եղվարդի ջրամբարի կառուցումը, որը կկազմի 70 միլիոն ԱՄՆ դոլար և ակնկալվում է 30% շահութաբերություն:

Զարգացման հայկական գործակալության ներդրումային խթանման դեպարտամենտի տնօրեն Նատալիա Արծրունին ամփոփելով հավելեց, որ այս ծրագիրը ապացուցում է վստահությունը երկրի ներդրումային միջավայրի հանդեպ և նպաստում է վարկանիշի բարձրացմանը: “Ծրագրի իրականացումը զգալի առաջընթաց կապահովի Հայաստանը զբոսաշրջության կենտրոնի վերածելու համազգային նախագծի իրականացման համար: Ծրագիրը խորհրդանշելու է վերածնված Հայաստանը Եղեռնից 100 տարի անց”,- ընդգծեց նա:

Ծրագրի հեղինակները դիմել են միջազգային համբավ վայելող ամերիկյան Էմ Ջի Էմ Միրաժ ընկերությանը ծրագրի կառավարումը ստանձնելու առաջարկով: Էմ Ջի Էմ Միրաժ ընկերությանը չի առաջարկվել ծրագրում ֆինանսական ներդրում կատարել: Ծրագրի հեղինակների համար ավելի կարևոր է, որ Էմ Ջի Էմ Միրաժը ներդնի իր մասնագիտական փորձն ու գիտելիքները և օգնի հաջողությամբ կյանքի կոչել այս ծրագիրը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---