ԵԽԽՎ նախագահ. Եվրոպայի Խորհուրդն ակտիվորեն կհետաքննի «Ազատության Նավատորմի» հետ կապված միջադեպը

ԵԽԽՎ նախագահ. Եվրոպայի Խորհուրդն ակտիվորեն կհետաքննի «Ազատության Նավատորմի» հետ կապված միջադեպը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մավլուդ Չավուշօղլուն զգուշացրել է Իսրայելին, որ Եվրոպայի ամենախոշոր միջկառավարական կազմակերպությունը կհետաքննի «Ազատության Նավատորմի» հետ կապված միջադեպը: Ինչպես գրում է Today’s Zaman թերթը, Չավուշօղլուն նշել է, որ Իսրայելը, որը Եվրոպայի Խորհրդում դիտորդի կարգավիճակ ունի, խախտել է մարդու իրավունքների սկզբունքները, որոնք ընդունված են կազմակերպության կողմից:

«Եվրոպայի Խորհուրդն ու նրա Խորհրդարանական վեհաժողովն առանձնահատուկ նշանակություն են տալիս օրենքի, մարդու իրավունքների և ժողովրդավարության գերակայությանը: Դառնալով ԵԽ դիտորդ` Իսրայելը հավատարիմ դարձավ այդ արժեքներին: Սակայն բաց ծովում կատարված այս միջադեպով նա խախտեց մի շարք արժեքներ, որոնք օժանդակվում են այս մարմինների կողմից»,- նշել է Մավլուդ Չավուշօղլուն: Նրա խոսքով, Իսրայելի հետ կապված ճգնաժամը խոչընդոտելու է «Գործընկերություն հանուն Ժողովրդավարության» նախագծի շրջանակներում ԵԽԽՎ ջանքերին, ինչպես նաև ԵԽԽՎ Քաղհանձնաժողովի Մերձավոր Արևելքի գծով Ենթակոմիտեում երկխոսության կարգավորմանն ուղղված ջանքերին:

ԵԽԽՎ նախագահն ընդգծել է նաև, որ միջազգային ջրերում հարձակումը քաղաքացիական անձանց վրա տվյալ հարցը գլոբալ խնդրի վերածեցին, որը պետք է դիտարկվի համապատասխան կերպով: «Դա պարզապես խնդիր չէ Իսրայելի ու Թուրքիայի միջև: Նավի վրա 30 երկրների քաղաքացիներ էին գտնվում»,- նշել է Չավուշօղլուն: Նա Գազայի սեկտորում վերջին միջադեպի ժամանակ Իսրայելի գործողությունները նաև ծովահենության ակտ և միջազգային իրավունքի խախտում է անվանել:

ԵԽԽՎ նախագահը հույս է հայտնել, որ Եվրոպայի Խորհուրդն ակտիվորեն հետաքննելու է «Ազատության Նավատորմի» հետ կապված միջադեպը, ինչպես նաև ուշադրությամբ կհետևի այդ հարցում Իսրայելի գործողություններին: Այդ համատեքստում Չավուշօղլուն հերքել է պնդումներն այն մասին, որ ինքն այդ հարցին շատ ավելի վերապահումով է վերաբերվում, որովհետև ազգությամբ թուրք է` ասելով, որ նույնպիսի մոտեցում է ցուցաբերում նաև այլ հարցերի հանդեպ:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Եվրոպայի Խորհուրդը Թուրքիային խնդրել է հետաքննել ոչ մուսուլմանների սպանությունները, այդ թվում` հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը, որը տեղի է ունեցել 2007 թվականի հունվարի 19-ին: «Մենք դա անելու ենք ԵԽ-ում ներկայացված բոլոր երկրների համար, և Իսրայելը բացառություն չէ»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:

ԵԽԽՎ-ն ծրագրում է տվյալ հարցը քննարկել առաջիկա նիստում, որը տեղի կունենա հունիսի 21-ի ու 25-ի միջև ընկած ժամանակահատվածում: Քաղաքական կոմիտեն արդեն կոչ է արել արտակարգ նիստ հրավիրել, որը տեղի կունենա ամառային նստաշրջանի շրջանակներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---