Հովիկ Աբրահամյանը Շվեդիայի խորհրդարանի նախագահին հրավիրել է Հայաստան

Հովիկ Աբրահամյանը Շվեդիայի խորհրդարանի նախագահին հրավիրել է Հայաստան

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Լիմասոլում խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:

Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Պեր Վեստերբերգի հետ հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը: ՀՀ ԱԺ նախագահը ընդգծեց, որ այդ ցեղասպանությունը միայն հայերին չէր ուղղված, այլ հանցագործություն էր համայն մարդկության դեմ եւ կարեւորեց մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առաջատար համարվող Շվեդիայի կողմից այդ իրողության դատապարտումը: Խոսվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին:

ՀՀ ԱԺ նախագահը Շվեդիայի խորհրդարանի նախագահին հրավիրեց մինչեւ 2010 թ. սեպտեմբերին Շվեդիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները պաշտոնական այց կատարել Հայաստան եւ ելույթ ունենալ ՀՀ ԱԺ ամբիոնից: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Մալթայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Մայքլ Ֆրենդոյի հետ `վերջինիս նախաձեռնությամբ:

Նշվեց, որ չնայած Հայաստանն ու Մալթան աշխարհագրորեն հեռու են գտնվում միմյանցից, սակայն երկու երկրներն ունեն ընդհանրություններ սովորույթների եւ ավանդույթների առումով: Կարեւորվեց փոխգործակցության ակտիվացումը ոչ միայն խորհրդարանների մակարդակով, այլ նաեւ տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում: ԱԺ նախագահը նշեց, որ այցերի ընթացքում կկազմակերպվեն նաեւ բիզնես ֆորումներ` ուրվագծելու Հայաստանի եւ Մալթայի գործարար շրջանակների միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները: Կողմերը կարեւորեցին համագործակցության անհրաժեշտությունը նաեւ միջազգային կառույցներում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Մարիոս Գարոյանի հետ հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց հայ-կիպրական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը: Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող մոնիտորինգը, որը լուրջ խթան է Հայաստանի, ինչպես նաեւ ԵԽ մյուս անդամ պետությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների իրագործման համար: Պարոն Համմարբերգը տեղեկացրեց, որ հոկտեմբերին կժամանի Երեւան, մասնակցելու ԵԽ «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանում ընթացող օրենսդրական բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Խորվաթիայի խորհրդարանի նախագահ պարոն Լուկա Բեբիչի հետ, Մարոկկոյի Ներկայացուցիչների պալատի նախագահ Աբդելվահեդ Ռադիի, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի, Իտալիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի հետ, Ալբանիայի խորհրդարանի նախագահ տիկին Ժոզեֆինա Տոպալիի հետ, հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---