Դունյա Միյատովիչ. Հայաստանը չպետք է բաց թողնի լրատվության ոլորտի առաջադեմ օրենսդրություն ընդունելու հնարավորությունը

Դունյա Միյատովիչ. Հայաստանը չպետք է բաց թողնի լրատվության ոլորտի առաջադեմ օրենսդրություն ընդունելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - «Չնայած փոփոխություններին` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը չի խթանում հեռարձակման բազմակարծությունը թվային դարաշրջանում»,- հունիսի 15-ին Վիեննայում ասաց ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

Որպեսզի Խորհրդարանի կողմից հունիսի 10-ին ընդունված օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ստորագրվի ՀՀ նախագահի կողմից: Միյատովիչը նշել է, որ ՀՀ իշխանությունները քննարկել են օրենքի նախագիծը քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ, և իր գրասենյակի կողմից օրինագծի վերաբերյալ տրամադրվել է փորձագիտական վերլուծություն:

«Թեև փորձագիտական վերլուծության մեջ ներկայացված որոշ առաջարկություններ հաշվի են առնվել, սակայն անալոգայինից թվային հեռարձակմանը սահուն կերպով անցնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող մյուս առաջարկությունները հաշվի չեն առնվել»,- ասաց նա:

Միյատովիչն ասաց, որ օրենքի թերություններից են հեռուստաալիքների թվի սահմանափակումը, արբանյակային, բջջային և ինտերնետային հեռարձակման հստակ կանոնների բացակայությունը` հեռարձակման բոլոր տեսակները դնելով Կարգավորիչ մարմնի կողմից լիցենզավորման կամ նրա թույլտվությունների ռեժիմի ներքո, լրատվամիջոցների ազատության վրա անտեղի սահմանափակումներ պարունակող օրենքի դրույթների հիման վրա հեռարձակման արտոնագիրը դատարանների կողմից դադարեցնելու լիազորումը և թվային մասնավոր հեռուստաալիքների ստեղծման ընթացակարգերի ու պայմանների բացակայությունը:

«Հայաստանը չպետք է բաց թողնի լրատվության ոլորտի առաջադեմ օրենսդրություն ընդունելու հնարավորությունը: Նոր տեխնոլոգիաները, այդ թվում` թվային հեռարձակումը, իշխանությունների կողմից պետք է օգտագործվեն լրատվամիջոցների բազմակարծությունը ամրապնդելու նպատակով: Այս տեխնոլոգիաները կարող են բարձրացնել տեղեկությունների մատչելիությունը և թույլ տալ հասարակությանը փնտրել, ձեռք բերել և տրամադրել տեղեկություններ»,- ասաց նա:

Միյատովիչը շեշտեց, որ իր գրասենյակը պատրաստ է շարունակել իշխանություններին իր աջակցությունը` լրատվամիջոցների ազատությանն առնչվող օրենսդրական բարեփոխումներում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---