Ահարոն Չիլինգարյան. Հայաստանում նոր կենսաթոշակային համակարգի ներմուծման արդյունքում ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ կհայտնվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովում «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» ՀՀ օրենքի ընդունման գործընթացը կարող սկսվել արդեն հաջորդ շաբաթ: Այդ մասին հունիսի 18-20-ը Ծաղկաձոր քաղաքում կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված սեմինարի շրջանակներում ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը` «ՀՀ ԿԲ գործառույթները կենսաթոշակային ոլորտում» թեմայով իր զեկույցում ներկայացնելով Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հիմնական փուլերը:

Նրա խոսքով, սպասվում է, որ 2010 թվականին ՀՀ ԱԺ-ն կընդունի «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» ՀՀ օրենքը, 2011 թվականը կամավոր կենսաթոշակային համակարգի ներդրման տարի է, ինչը թույլ կտա որոշակի հիմքեր ստեղծել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու համար: Ընդ որում, նա նշել է, որ դիտարկվում է այն հնարավորությունը, որ կամավոր կենսաթոշակային համակարգի ներդրումը կարող է սկսվել 2011 թվականից քիչ առաջ: «Օրինագծում նշված են կոնկրետ ժամկետները, այնտեղ մատնանշվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու այն հրապարակելուց 10 օր անց: Այսինքն, եթե մենք արդյունավետ աշխատենք կառավարության հետ, ժամանակին պատրաստենք լիցենզավորման ժամանակացույցը, ապա պատրաստ կլինենք ավելի շուտ սկսել կամավոր թոշակային համակարգի ներդրումը»,- նշել է ԿԲ Խորհրդի անդամը: 2013 թվականից ուժի մեջ է մտնում «Միասնական եկամտահարկի մասին» օրենքը և Պետեկամուտների կոմիտեում անձնական հաշվառման համակարգը: «Եթե մեզ հաջողվի իրականացնել այդ քայլերը, ապա մենք ևս մեկ տարի կունենանք նոր համակարգի փորձարկման համար, իսկ 2014-ից կսկսի գործել պարտադիր կուտակային համակարգը»,- ավելացրել է նա:

Ինչպես նշել է Ահարոն Չիլինգարյանը, նոր կենսաթոշակային համակարգը կնպաստի երկրում ֆինանսական ռեսուրսների կուտակմանը, այսինքն «երկար փողերի» ստեղծմանը: «Հայաստանում ֆինանսավորման իրական նոր ռեսուրս կհայտնվի, կբարձրանա ֆինանսական միջնորդությունը և կզարգանա արժեթղթերի շուկան, ինչը մեր գերնպատակն է: Ի հայտ կգան բոլոր հնարավոր ֆինանսավորումների իրականացման այլընտրանքային հնարավորություններ ինչպես երկրի փոքր և միջին բիզնեսի, այնպես էլ մեծ նախագծերի համար»,- ասել է նա: Բացի դրանից, բարեփոխումները թույլ կտան լրացուցիչ կենսաթոշակ ապահովել ապագայում և բարելավել աշխատանքային հարաբերությունները ներկայում, ինչպես նաև շահութահարկի արտոնություն է նախատեսվում հարկավճարի գծով ձեռնարկատերերի համար և եկամտահարկի արտոնություն` վճարումների իրականացման ժամանակ:

Հայաստանը նախատեսում է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն անցնել 2011 թվականից, իսկ 2014-ից` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

Կայացած սեմինարի կազմակերպիչներն էին ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության թոշակային և աշխատաշուկայի բարեփոխման ծրագիրը, ԵՄ խորհրդատվական խումբն ու թոշակային բարեփոխումների մասին հասարակայնությանը տեղեկացնելու ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության աշխատանքային խումբը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---