23 հունիսի 2010 - 17:10 AMT
ՀՀ ոստիկանությունը հերքել է Թուրքիայից Հայաստանի քաղաքացիների արտաքսման մասին հաղորդագրությունները

ՀՀ զանգվածային մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով «Անկարա» գործակալության հաղորդագրությանը, վերջին օրերին հրապարակել են տեղեկատվություն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Մարդու իրավունքների ուսումնասիրման հանձնաժողովին կից` ՙԹուրքիայում փախստականների, ապաստան հայցողների և ապօրինի բնակվողների խնդիրների ուսումնասիրության՚ համար ստեղծված հատուկ հանձնաժողովի զեկույցի մասին, որում անդրադարձ է արվել այդ երկրում ապօրինի բնակվող կամ սահմանն ապօրինաբար հատած ՀՀ քաղաքացիների արտաքսմանը:

Տեղեկատվության համաձայն` «Թուրքիայում վերջին տասներեք տարիների ընթացքում ձերբակալվել են ապօրինի բնակվող կամ սահմանն ապօրինաբար հատած ՀՀ 5909 քաղաքացիներ, ովքեր արտաքսվել են երկրից: 2007 թ. ձերբակալվել են 779, իսկ 2008 թ. առաջին ինն ամիսների ընթացքում` 474 ՀՀ քաղաքացիներ, ովքեր հիմնականում զբաղվում էին մարմնավաճառությամբ և արտաքսվել են Թուրքիայից»:

Հայտնում ենք, որ այդ հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում: Վտարումը պատժամիջոց է, որը կիրառվում է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ` որոշակի իրավախախտումների, հիմնականում մուտքի թույլտվության` վիզայի ժամկետները խախտելու դեպքում: Խախտում կատարողները վտարվում են այն երկիր, որի քաղաքացին հանդիսանում են, քանի որ միջազգային կանոնադրությամբ արգելվում է օտարերկրյա քաղաքացիների վտարումը երրորդ երկիր: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև գործում է միայն օդային սահման: ՀՀ քաղաքացիները Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն վտարվում են ինքնաթիռով` ՀՀ սահմանը հատելով ՙԶվարթնոց՚ օդանավակայանի անցակետով:

Վիճակագրությունը փաստում է, որ Թուրքիայից Հայաստան տարեկան վտարվում է տարբեր տարիքի և սեռի մոտ 50 ՀՀ քաղաքացի: Օրինակ, 2007 թ. վտարվողների թիվը եղել է 52, իսկ 2008 թ.` 45: Մարմնավաճառությամբ զբաղվողների վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ իրավապահ մարմիններն այդ հարցում, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով, համագործակցում են Թուրքիայի իրավապահ մարմինների հետ. Թուրքիայում Ինտերպոլի ԱԿԲ-ից գրություններ են ստացվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կնոջ նկատմամբ մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով դատաքննություն իրականացնելու մասին: Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ն տարեկան նմանատիպ մոտ հինգ գրություն է ստանում:

Անարդյունավետ է համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող թրաֆիքինգի կազմակերպիչներին Թուրքիայի իշխանությունների կողմից հանձնելու կամ գոնե Թուրքիայում պատասխանատվության ենթարկելու հարցում: Մասնավորապես` 2003 թվականից ՀՀ իրավապահ մարմինների կողմից հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջոցով, ջանքեր են գործադրվում թրաֆիքինգ կազմակերպելու համար հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի քաղաքացի Գոհար Կիլինչին պատասխանատվության ենթարկելու և նրա հանցավոր գործունեությունը կասեցնելու ուղղությամբ, մինչդեռ նա շարունակում է հավաքագրել և սեռական շահագործման նպատակով Թուրքիա փոխադրել ՀՀ քաղաքացիների, հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: