«Ոսկե ծիրանը» երևանցիներին ևս երկու տոն է նվիրում

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրանը» երևանցիներին ևս երկու տոն է նվիրում. փառատոնի շրջանակներում տեղի կունենան «Երևանյան գիշերներ» փառատոնային ֆիլմերի երեկոյան բաց ցուցադրություններ և «Ջազ-կինո» երաժշտական մրցույթը, որտեղ ելույթ կունենան հայկական ջազային խմբերը:

Այդ երկու միջոցառումներն ուղղված են երիտասարդությանը կինոյին հաղորդակից դարձնելուն: «Երևանյան գիշերների» շրջանակներում նախատեսվում է ֆիլմերի բացօթյա ցուցադրություն: Ինչպես նշել է փառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանը, դիտումից հետո հնարավոր է ֆիլմերի քննարկում դրանց հեղինակների հետ: Նախատեսվում է նաև կազմակերպել ֆիլմերի ակումբային ցուցադրություններ «Ուլիխանյան» ակումբում:

Նա նշեց, որ «Ոսկե ծիրան» երևանյան 7-րդ միջազգային կինոփառատոնի մշակութային ծրագրի գլխավոր իրադարձություններից է լինելու է «Ջազ-կինո» ջազային խմբերի մրցույթը, որը կանցկացվի փառատոնի օրերին` հուլիսի 11-17-ը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ ամեն օր երեկոյան ժամերին հանդես կգան ջազային համույթներ: «Ոսկե ծիրանի» հետ համատեղ անցկացվող մրցույթի կազմակերպիչն է հանդիսանում հայ ջազի անվանի վարպետ Լևոն Մալխասյանը, ով նաև նախագահելու է պրոֆեսիոնալ ժյուրին:

Ջազային մրցույթի համար նախատեսված են դրամական մրցանակներ, ընդհանուր մրցանակային ֆոնդը` 6.000 դոլարին համարժեք դրամ:

Փառատոնի պաշտոնական բացումն ավանդաբար կսկսվի ծիրանի օրհնությունից հուլիսի 11-ին Սբ. Զորավոր եկեղեցում, իսկ երեկոյան տեղի կունենա համերգ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---