Հայաստանը միշտ կարող է ակնկալել Կիպրոսի աջակցությունը միջազգային կազմակերպություններում

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւի ՄԱԿ-ի Ազգերի պալատում մասնակցեց Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին, որին մասնակցում են շուրջ 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Քննարկումների թեման էր «Խորհրդարանները ճգնաժամի աշխարհում. հանուն ընդհանուր բարեկեցության գլոբալ ժողովրդավարական պատասխանատվության ապահովումը»:

Նիստից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ խորհրդարանների նախագահների հետ: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի և Կիպրոսի միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները կարևոր գրավական են փոխհարաբերությունների հետագա զարգացման և առավել խորացման համար: Նա ողջունեց ակտիվ միջխորհրդարանական համագործակցությունը` նշելով, որ երկու երկրների խորհրդարաններում գործող Հայաստան-Կիպրոս և Կիպրոս-Հայաստան պատգամավորական միջխորհրդարանական հանձնաժողովները կարեւոր ներդրում կարող են ունենալ Հայաստանի և Կիպրոսի միջև կապերի ամրապնդման գործում: Տնտեսական կապերը առավել զարգացնելու նպատակով պարոն Աբրահամյանն առաջարկեց կազմակերպել բիզնես ֆորումներ:

Մարիոս Գարոյանը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը եւ վերահաստատեց Հովիկ Աբրահամյանին Կիպրոս պաշտոնական այց կատարելու իր հրավերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային կառույցներում փոխգործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Պարոն Գարոյանը ընդգծեց, որ Կիպրոսը Հայաստանի կողքին է եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանը միշտ կարող է ակնկալել Կիպրոսի աջակցությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---