ՀՅԴ-ն գտնում է, որ ժամանակն է վերանայել ղարաբաղյան կարգավորման փիլիսոփայությունը

ՀՅԴ-ն գտնում է, որ ժամանակն է վերանայել ղարաբաղյան կարգավորման փիլիսոփայությունը

PanARMENIAN.Net - Ալմաթիում ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների վերջին հայտարարության մեջ հայկական կողմի համար դրական տարր էր այն, որ Ադրբեջանին հստակ ասվել էր, որ չի կարելի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ փաստաթղթից առանձնացնել միայն մեկ կետը և այն ներկայացնել որպես գլխավոր: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, եթե ԵԱՀԿ ՄԽ-ն հստակություն չներմուծի Մադրիդյան փաստաթղթի մեջ, ապա հայկական կողմը բավական «ոչ նախանձելի» դրության մեջ կհայտնվի, քանի որ Հայաստանն առաջնահերթ է համարում ԼՂՀ կարգավիճակի խնդրի լուծումը, իսկ Ադրբեջանը` տարածքների հանձնումը: «Դա Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի զիջումների քաղաքականության արդյունքն է, որը շարունակեցին հաջորդ վարչակազմերը»,- նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Նա ավելացրել է նաև, որ Հայաստանի առաջին ղեկավարությունը 1994 թվականին Հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո չպետք է խոսեր որևէ տարածքային զիջումների մասին, քանի դեռ Ադրբեջանը պատրաստակամություն չէր հայտնել ճանաչելու ԼՂՀ անկախությունը:

«Եթե ի սկզբանե առաջին հայկական ղեկավարությունը տրամադրված չլիներ զիջումների, ապա ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իրավական դաշտում կընթանար, այլ ոչ թե քաղաքական: Եվ այժմ ժամանակն է վերագնահատելու անցյալն ու թույլ չտալու նախկին սխալները»,- նշել է Հովհաննիսյանը:

Ինչպես նկատել է Վահան Հովհաննիսյանը, ղարաբաղյան հիմնախնդրի ցանկացած կարգավորում` ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական կամ ռազմական մեթոդներով ենթադրում է Հայաստանի ներսում նոր քաղաքականության որդեգրում: «Այսօրվա Հայաստանն իր գերմենաշնորհված տնտեսությամբ, կառավարման կլանային համակարգով պատրաստ չէ ղարաբաղյան հիմնախնդրի նոր լուծումներին»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---