ԼՂՀ ԱԳՆ. Արցախի ժողովրդի՝ իր սեփական պետությունն ունենալու իրավունքն կճանաչվի միջազգային հանրության կողմից

ԼՂՀ ԱԳՆ. Արցախի ժողովրդի՝ իր սեփական պետությունն ունենալու իրավունքն կճանաչվի միջազգային հանրության կողմից

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Միջազգային դատարանի` Կոսովոյի անկախությանը վերաբերող որոշման կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Արդարադատության Միջազգային դատարանը հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց եւ իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որեւէ սկզբունք կամ կանոն, այդ թվում` տարածքային ամբողջականության սկզբունքը:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, այդ որոշումն ունի չափազանց կարեւոր իրավական, քաղաքական ու բարոյական, ինչպես նաեւ համընդհանուր նախադեպային նշանակություն եւ իր տարածմամբ չի կարող սահմանափակվել լոկ Կոսովոյի օրինակով: Արցախի ժողովուրդը, իրականացնելով անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից կազմակերպված ռազմական ագրեսիային, որի հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարավորը տեղահանվեցին եւ դարձան փախստականներ: Այդ գործողությունները մինչ օրս համապատասխան գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից:

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու պայմաններում Արցախի ժողովուրդը շարունակում է կառուցել քաղաքացիական ժողովրդավարական պետություն՝ այն դարձնելով Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասը:

Արցախի ժողովրդի՝ իր սեփական պետությունն ունենալու եւ կառուցելու, ինչպես նաեւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն, անկասկած, կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ այն լիովին իրականացվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան եւ հանդիսանում է արդար ու տառապյալ նվաճում, ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---