ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները մասնակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած սեմինարին

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն օգոստոսի 4-ին, մասնակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած սեմինարին, որի առանցքում հրեական սփյուռքի փորձն էր ու Հայաստանում «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը:

Սեմինարին մասնակցում էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փոխնախարարներ Ստեփան Պետրոսյանն և այլք: «Հրեական և հայկական սփյուռքը շատ նմանություններ ունեն, սակայն չի կարելի մի երկրի փորձը ուղղակիորեն ներդնել մեկ այլ պետության մեջ»,- ելույթի սկզբում նշել է «Միջազգային միգրացիայի և ինտեգրման հրեական դեմոկրատական կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Իլան Կոհընը:

Ի տարբերություն հայկական սփյուռքի` հրեական սփյուռքը բացի Իսրայել պետությունից ունի նաև համակարգող մեկ միասնական մարմին` «Հանուն Իսրայելի հրեական գործակալությունը»: «Այն, կարծես, երկխոսության հարթակ է սփյուռքի համայնքների և Իսրայելի կառավարության միջև»,- նշել է Իլան Կոհընը:

Փորձագետը նկատել է , որ սփյուռք-հայրենիք համագործակցության համար կարևոր դեր են կատարում նաև կազմակերպված այցերը: Իսրայելը նույնպես ունի իր սեփական «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում արդեն իսկ շուրջ 1/4 միլիոն 18-26 տարեկան հրեա երիտասարդ այցելել է Իսրայել:

Իսրայելի ներգաղթողների աբսորբցիայի նախարարության նախկին գլխավոր տնօրեն, փաստաբան Շմուել Շենհարը նախարարության աշխատակիցներին ներկայացրել է Իսրայելի դրամահավաքության և բարեգործական ծրագրերի փորձը: «Ի սկզբանե պետության կողմից որոշվել է, որ դրամահավաքությունը պետք է իրականացնեն սփյուռքահրեաները, ու դա բնական է, քանի որ Իսրայել պետությունն ստեղծել են հենց սփյուռքահրեաները»,- ընդգծել է փաստաբանը:

Դրամահավաքությամբ աչքի ընկնող ամենամեծ հրեական համայնքն այսօր ԱՄՆ-ում է, որտեղ տարեկան շուրջ 1 մլրդ դոլար է հավաքվում: Ընդ որում, այդ գումարի սոսկ 20 տոկոսն է ուղղվում Իսրայելին, իսկ մնացած 80 տոկոսը համայնքը ծախսում է սեփական կարիքների համար ու սեփական որոշումով: Այս մասին հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---