Միաբան Գարեգին Համբարձումյան. Գրաբարը մեռած լեզու չէ, բայց մենք կարող ենք այն այդպիսին դարձնել

PanARMENIAN.Net - «Գրաբարը մեռած լեզու չէ, բայց մենք կարող ենք այն այդպիսին դարձնել»,- օգոստոսի 11-ին կայացած մամլո ասուլիսում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորական, միաբան Գարեգին Համբարձումյանը: Նրա խոսքով, գրաբարն օգտագործվում է եկեղեցական արարողությունների իրականացման համար և դա այդ լեզուն կենդանի է դարձնում: «Սակայն չի կարելի ասել, որ գրաբարը երբևէ առօրյա, խոսակցական լեզու է եղել: Այն օգտագործվել է միայն եկեղեցում և գրի համար: Այդ մասին վկայում է նաև այն փաստը, որ գրաբարում երբեք հայհոյանքներ չեն եղել»,- նշել է միաբան Գարեգին Համբարձումյանը` ավելացնելով, որ գրաբարով մեր աղոթքներն Աստված ավելի լավ է ընդունում, քան ժամանակակից հայերենով:

«Ծիրանի» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Աշուղաթոյանը նշել է, որ կազմակերպությունը գրաբարի ուսումնասիրման անվճար դասընթացներ է անցկացնում: Բայց որպեսզի տեղեկատվությունն այդ լեզվով ավելի հասանելի դառնա լայն զանգվածների համար «Ծիրանին» նախաձեռնեց «Գրաբար` նախնիների լեզուն» վավերագրական ֆիլմի ստեղծումը, որում հնագույն լեզվի մասին տեղեկատվություն է ներկայացված:

«Ծանոթանալով գրաբարին` մենք ինքներս մեզ ենք բացահայտում, քանի որ մեր ողջ հին գրականությունը գրվել է հենց այդ լեզվով»,- նշել է Նարեկ Աշուղաթոյանը: «Գրաբար` նախնիների լեզուն» փաստագրական ֆիլմի պրեմիերան կայացավ օգոստոսի 10-ին: «Ծիրանի» մշակութային հասարակական կազմակերպության նախագահը նշել է, որ այն կցուցադրվի նաև զանազան ակումբներում, բուհերում և, հնարավոր է, կհայտնվի հեռուստատեսությունում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---