Գալուստ Սահակյանը հուսով է , որ Հայաստանն այնքան կհզորանա, որ կտեղակայի իր ռազմական բազաներն այլ երկրներում

Գալուստ Սահակյանը հուսով է , որ Հայաստանն այնքան կհզորանա, որ կտեղակայի իր ռազմական բազաներն այլ երկրներում

PanARMENIAN.Net - Ցանկացած երկրի համար այդքան էլ լավ չի իր տարածքում այլ երկրի ռազմաբազան տեղակայելը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացումը շահավետ է հայկական կողմին: Նրա խոսքերով, դրանով Մոսկվան տարածաշրջանում պահպանում է հավասարակշռությունը և նման կերպ ամրագրում, որ ցանկացած հակամարտություն տարածաշրջանում պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: «Արձանագրությունում կատարված փոփոխության համաձայն ռազմաբազան պետք է պահպանի Հայաստանի անվտանգությունը, իսկ մեզ համար անվտանգության առաջին տարրը կապված է Ղարաբաղի հետ»,- ասել է նա, ավելացնելով, որ Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև այլ երկրներ կապաշտպանեն ԼՂՀ-ին: «Ամեն ինչ կախված է մեզանից: Հուսով եմ, որ ապագայում Հայաստանն այնքան հզոր երկիր կդառնա, որ կտեղակայի իր ռազմական բազաներն այլ երկրի տարածքում»,- ասել է Սահակյանը: Մեկնաբանելով ռազմաբազայի տեղակայումը 49 տարով երկարացնելու պատճառը` նա ասել է, որ հնարավոր պատճառներից կարող են լինել ձեռք բերված նոր պայմանավորվածությունները երկու երկրների միջև: Նրա խոսքերով, Ռուսաստանին հետագա համագործակցության համար երաշխիքներ են պետք:

Անդրադառնալով հայ-ռուսական վերջին պայմանավորվածություններին` նա նշեց, որ դրանք շահավետ են Հայաստանի համար, քանի որ երաշխավորում է Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարության և շահագործման մեջ, ինչպես նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մեջ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---