ՀՀԿ պատգամավորը Իլհամ Ալիևի վարքագիծը որպես «մեծ հիմարություն» է գնահատել

ՀՀԿ պատգամավորը Իլհամ Ալիևի վարքագիծը որպես «մեծ հիմարություն» է գնահատել

PanARMENIAN.Net - «Վերջերս Ռուսաստանի ու Հայաստանի միջև ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման մասին ստորագրված փաստաթուղթը կարևոր է մեր երկրի անվտանգության ապահովման տեսակետից»,-հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ըստ Լարիսա Ալավերդյանի, այդ պայմանագրով Ռուսաստանն ապահովում է իր անվտանգությունն ու ամրապնդում է սեփական դիրքերը տարածաշրջանում:

Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձևի առնչությամբ ՀՀԿ խմբակցության անդամը նշեց, որ դա ծիծաղաշարժ փաստաթուղթ է, քանի որ ադրբեջանական կողմը նման նախաձեռնությամբ հանդես եկավ միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կասեցրեց նրա ոտնձգությունները Ղարաբաղի հարցում: «Ադրբեջանական ղեկավարության այդ քայլը հիշեցնում է հուսահատ մարդու, որը ձեռքը փրփուրին է գցում: Ես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նման վարքագիծը գնահատում եմ, որպես «մեծ հիմարություն»,-ասել է Պետրոսյանը:

Իր հերթին Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձևի դեպքում ծիծաղն ընդհանրապես տեղին չէ: «Այս պահի դրությամբ խոսքը գնում է ՄԱԿ-ի ԳՎ բանաձևի մասին, որը կարևոր քաղաքական փաստաթուղթ է: Եվ ես ցանկանում եմ հռետորական հարց տալ` արդյոք Հայաստանի ղեկավարությունը հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որը մեծ արձագանք է ունեցել ՄԱԿ-ի անդամ երկրների շրջանում»,-ասել է նա: Ալավերդյանը հավելեց նաև, որ Հայաստանում չկա ԱԳՆ, այլ գոյություն ունի մի հաստատություն, որը զբաղվում է արտաքին հարաբերություններով:

Մեկնաբանելով «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությունը ԼՂՀ անկախության ճանաչման մասին` Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ դեռ չի եկել Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման ժամանակը: «Ղարաբաղյան կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, և եթե մենք ճանաչենք ԼՂՀ անկախությունը, կխանգարենք խաղաղ կարգավորմանը»,-նշել է նա:

Այս առնչությամբ Ալավերդյանը նկատեց, որ «Ժառանգությունը» նախաձեռնեց այս օրինագիծը, որպեսզի ՀՀ խորհրդարանը ևս պատասխանատվություն ստանձնի ԼՂՀ անկախության ճանաչման համար: «Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես են իշխող կուսակցությունից ընտրված պատգամավորները վերաբերվում ԼՂՀ ԱԺ մի խումբ խորհրդարանականների` ԼՂՀ անկախության ճանաչման հարցը ԱԺ մեծ օրակարագում ընդգրկելու մասին հայտարարությանը: Իսկ թե հատկապես երբ կճանաչվի Արցախի անկախությունը` մեկ այլ հարց է»,-ասել է նա: Իր հերթին Ռաֆիկ Պետրոսյանը նոււյնպես դեմ հանդես եկավ այդ օրինագծի ընդգրկմանը խորհրդարանի մեծ օրակարգում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---