Միջազգային փորձագետները Դիլիջանում կքննարկեն Հայաստանի զարգացման ուղիները

Միջազգային փորձագետները Դիլիջանում կքննարկեն Հայաստանի զարգացման ուղիները

PanARMENIAN.Net - Հայաստանի երկարաժամկետ զարգացման հարցերը քննարկվելու են ՀՀ կառավարության և ՀԲ համատեղ համաժողովի շրջանակներում «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով, որը տեղի կունենա Դիլիջանում սեպտեմբերի 11-ին: Այդ մասին լրագրողներին սեպտեմբերի 10-ին Երևանում հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Դիլիջանում մենք կքննարկենք անցած 20 տարիների ուղին, ճգնաժամի մատուցած դասերը, տնտեսական բարեփոխումները, մոդելը, ըստ որի Հայաստանը պետք է առաջ շարժվի, մեր տնտեսության համեմատաբար ուժեղ և թույլ կողմերը և այլ խնդիրներ»,- ասաց նա և հավելեց, որ Դիլիջանում տեղի կունենան ավելի կոնցեպտուալ քննարկումներ և դա թույլ կտա ՀՀ կառավարությանը մանրամասնել իր հետագա տնտեսական ծրագրերի հիմքերը:

Իր հերթին, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով ՀԲ փոխնախագահ Ֆիլիպ լը Ուերուն, որը քառօրյա այցով գտնվում է Հայաստանում, նշեց, որ դեռ պատրաստ չէ մեկնաբանություններ տալ Հայաստանի մակրոտնտեսական զարգացման վերաբերյալ: «Սա իմ առաջին այցն է, ես արդեն ծանոթացել եմ բազմաթիվ տվյալների հետ: Վաղը նախատեսվում է հանդիպում Հայաստանի կառավարության հետ, ավելին, այստեղ են հրավիրվել տարբեր երկրների անվանի մասնագետներ, նրանց շարքում` Լեհաստանի ֆինանսների նախկին նախարարը, Չիլիի նախկին նախագահը, մասնագետ Հարվարդի համալսարանից »,- ասաց նա:

Միաժամանակ Ֆիլիպ լը Ուերուն նշեց, որ Հայաստանի տնտեսությունը շատ զգայուն է արտաքին ազդեցությունների նկատմամբ: «Բայց մենք գիտենք, որ այստեղ առկա է բարձր կենտրոնացվածություն և արտահանման փոքր ծավալներ: Եվ այստեղ, ես կհամաձայնվեմ վարչապետի հետ, որ անհրաժեշտ է նշել ուղիները, որոնցով Հայաստանը պետք է շարժվի առաջ: Ընդ որում, հետճգնաժամային շրջանում այդ ուղին ավելի բարդ է, քան նախաճգնաժամային»,- նշել ՀԲ փոխնախագահը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---