Հաստատվել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդատուն

Հաստատվել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդատուն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ փուլի Աշտարակ-Թալին ճանապարհի օտարվող հողի և գույքի ճշգրտման ու գնահատման խորհրդատուի հետ կնքվող պայմանագրի նախագիծը։ Ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը զեկուցել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Առաջին փուլի շինարարական աշխատանքների վերահսկողության և Երկրորդ փուլի ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացված խորհրդատվական ծառայությունների ընտրության մրցույթի արդյունքների մասին։ Կառավարման խորհուրդը հաղթող է ճանաչել մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած կազմակերպությանը և հաստատել հաղթած ընկերության հետ բանակցող խմբի ներկայացված կազմը։

Կառավարման խորհրդի անդամների ուշադրությանն են ներկայացվել նիստի օրակարգում ընդգրկված այլ հարցեր ևս։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը` հաշվի առնելով ներկայացված բոլոր փոփոխությունները, լրացումները և առաջարկությունները։ Խորհուրդը հաստատել է նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի Աշտարակ-Թալին ու Երրորդ տրանշի Թալին-Գյումրի ճանապարհի Անկախ մոնիթորինգի գործակալության Տեխնիկական առաջադրանքը։

Մեկ այլ հարցով Խորհուրդն ի գիտություն է ընդունել Ֆելիքս Փիրումյանի զեկույցը օգոստոսի 9-ին և սեպտեմբերի 1-ին Ասիական զարգացման բանկի հետ համատեղ կազմակերպված տեսակոնֆերանսի արդյունքների վերաբերյալ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---