Հայաստանի անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների հանդեպ պատժի առավել խիստ միջոցներ են կիրառվելու

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մշակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի հասարակական քննարկումը: Օրինագծի հասարակական քննարկումներին մասնակցում էին ՀՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը և մի շարք ձեռնարկատերեր:

Օրինագծում նախատեսված հիմնական կետերի շարքում Արտակ Շաբոյանը առանձացրել է մրցակցության հիմունքները խախտողների հանդեպ նախատեսված մի շարք պատժամիջոցների խստացումը: Նրա խոսքերի համաձայն, մասնավորապես նախատեսվում է բարձրացնել անբարեխիղճ մրցակցության համար սահմանված տուգանքի չափը, որը հիմա կազմում է 500 հազ. դրամ` բոլոր տնտսուբյեկտների համար: «Մենք սահմանել ենք վերին և ստորին սահմաններ` ըստ տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական վիճակի, որպեսզի նրանք միանման պատժաչափով պատասխանատվություն չկրեն», - ասել է նա:

Դրա հետ կապված Արտակ Շաբոյանը պարզաբանել է նաև, որ փոքր տնտեսվարողների համար տուգանքի չափը կարող է կազմել 300 հազ. դրամ, իսկ խոշորների համար 0,1 տոկոս` տարեկան շրջանառությունից:

Օրինագծի հաջորդ կարևոր կետը հակամենաշնորհային մարմնի իրավասությունների մեծացումն է: Օրինագիծը նախատեսում է նաև տեղեկատվական բազայի մեծացում, ինչը նկատելիորեն կհեշտացնի հանձնաժողովի մոնիտորինգները:

Օրինագծում միայն մեկ հարց չի շոշափվել, այն է` ԵՄ-ի հետ համատեղ ՀՀ կառավարության իրականացվելիք Twinning ծրագրին պետաջակցությունը:

Օրինագիծը շահագրգիռ կողմերի քննարկումից հետո կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---