ԵԱՀԿ ՄԽ առաքելության հաջող իրագործման համար Արցախի իշխանությունները Բաքվի կողմից կառուցողական մոտեցում են ակնկալում

ԵԱՀԿ ՄԽ առաքելության հաջող իրագործման համար Արցախի իշխանությունները Բաքվի կողմից կառուցողական մոտեցում են ակնկալում

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) և նրանց ուղեկցող փորձագետներին, ովքեր Արցախի Հանրապետություն են ժամանել Մինսկի խմբի համանախագահության` իրավիճակին ծանոթանալու դաշտային առաքելության իրականացման շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաքելության իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ստեղծված են բոլոր պայմանները աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար: Անդրադարձ է կատարվել նաև իրավիճակին ծանոթանալու դաշտային առաքելության երկրորդ փուլի իրականացմանը` Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ռազմակալված տարածքներում: Այս համատեքստում նախագահ Սահակյանը նշել է, որ առաքելության հաջող իրականացման համար Արցախի իշխանություններն ակնկալում են կառուցողական մոտեցում նաև Բաքվի կողմից` Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի և Մարտունու բռնազավթված հատվածներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները: Նախագահը նշել է, որ Ադրբեջանում չեն դադարեցվում հակահայկական քարոզչությունը և ապակառուցողական քայլերը, ինչը մեծապես խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, և կոչ է արել համանախագահներին համապատասխան ձևով արձագանքել այդ զարգացումներին:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---