Մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Հունաստան

Մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Հունաստան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն: Աթենքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը: Ողջունելով հյուրերին` Հունաստանի նախագահը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ գոյություն ունեցող դարերից եկող բարեկամական եւ ջերմ հարաբերությունները, ինչը պայմանավորված է նաեւ պատմական ընդհանրությամբ եւ ճակատագրերի նմանությամբ: «Եվ հայերը, եւ հույները տուժել են Թուրքիայի կողմից», -նշեց նախագահ Պապուլիասը: Նա ափսոսանք հայտնեց, որ մինչ օրս Թուրքիան ներողություն չի խնդրել հայերից Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության համար, ինչպես դա արեց Գերմանիան` ներողություն խնդրելով հրեաներից նացիստների իրագործած հոլոքոսթի համար:

Հունաստանի նախագահը կարեւորեց ԱԺ նախագահի այցը երկկողմ գործակցությունը զարգացնելու առումով եւ համոզմունք հայտնեց, որ հունվարին սպասվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հունաստան էլ ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ կխթանի միջպետական փոխգործակցությունը: Նա կարեւորեց նաեւ միջխորհրդարանական եւ տնտեսական համագործակցության ակտիվացումը եւ ընդհանրապես հարաբերությունների խորացումը բոլոր բնագավառներում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, Հունաստանի նախագահը կարեւորեց հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր Հունաստանի հետ ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա: Նա բարձր գնահատեց Հայաստանի և Հունաստանի միջև հաստատված հարաբերությունները, որոնք կարևոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար: Նշվեց, որ Հայաստանը նույնպես կարևորում է Հունաստանի հետ հարաբերությունների թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերով զարգացումը: Հայաստանի խորհրդարանի նախագահը շեշտեց, որ հայ-հունական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարևոր բաղադրիչ մեր երկրի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Հունաստանի ակտիվ ներգրավվածությունը եվրոպական կառույցներում: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների և խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ Արևելյան գործընկերությունը որակական այլ հարթություն է տեղափոխում եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը` նոր հեռանկարներ բացելով Հայաստանի համար:

Հովիկ Աբրահամյանը կարևորեց երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացումը, այս համատեքստում նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում համագործակցության համար առկա ներուժը: Նա կարեւորեց միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը հետևողական է ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը ու աստիճանական տնտեսական ինտեգրումը խորացնելու իր քաղաքական հանձնառության մեջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Կողմերը քննարկեցին նաեւ Հունաստանի հայկական համայնքին հուզող մի շարք հարցեր, հաղորդում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---