Հայաստանի և Ռումինիայի հարաբերություններն ընդլայնվում ու ամրապնդվում են

Հայաստանի և Ռումինիայի հարաբերություններն ընդլայնվում ու ամրապնդվում են

PanARMENIAN.Net - Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկին hոկտեմբերի 15-ին ընդունել է Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցի ընթացքում շոշափվեցին հայ-ռումինական օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նյութերի շուրջ:

Երկուստեք կարևորվեց տարբեր ոլորտներում առկա կապերի և հնարավորությունների լիակատար օգտագործումը և համագործակցության առավել ծավալումը, որի համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում մասնավորապես հայ-ռումինական միջկառավարական խառը հանձնաժողովի գործունեությունը և կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համագործակցության հնգամյա ծրագիրը:

Հատուկ ուշադրություն դարձվեց բարձր մակարդակով քաղաքական կանոնավոր երկխոսության պահպանմանը, ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների շարունակմանը, ինչպես նաև եվրոպական ու միջազգային կառույցներում շփումներին` համարելով դրանք անհրաժեշտ պայմաններ հարաբերությունների հետագա զարգացման և կապերի խորացման առումով:

Հանդիպման վերջում դեսպան Գասպարյանը երախտագիտություն հայտնեց Ռումինիայի կառավարությանը, որը մշտական հոգատարություն և աջակցություն է ցուցաբերում Ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանմանը և ռումինահայ կառույցների ու հաստատությունների գործունեության ապահովմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---