22 հոկտեմբերի 2010 - 11:30 AMT
Birthright Armenia կազմակերպությունը նշեց իր 500-րդ կամավորի ժամանումը Հայաստան

Birthright Armenia հասարակական կազմակերպությունը կազմակերպել է հատուկ միջոցառում` նշելով իր 500-րդ կամավորի ժամանումը Հայաստան: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին կազմակերպության մամլո ծառայությունը, 500-րդ մասնակիցնը դարձել է Սերդա Օզեբյանը Տակոմա Պարկ քաղաքից (Մերիլենդ նահանգ): «Շատ հուզիչ է լինել 500-րդ կամավորը և նշել այդ հիանալի իրադարձությունը: Ես շատ շնորհակալ եմ իմ հայրենիքում ապրելու և աշխատելու հնարավորության համար»,- ասել է Օզեբյանը և հավելել, որ կմասնակցի Հայաստանի զարգացմանը նույնիսկ այն ժամանակ, երբ իր կամավորական առաքելությունն ավարտվի: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 80 հոգի, այդ թվում` շրջանավարտներ, խորհրդի պատվավոր հյուրեր, գործընկերներ և Birthright Armenia-ի հյուրեր:

Իր հերթին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Առաջին օրերից կազմակերպությունը փորձել է ամրապնդել ողջ աշխարհի հայ երիտասարդների կապերը հայրենիքի հետ, և ինձ, որպես հայի, անչափ ուրախացնում են Հայաստան եկած հայ երիտասարդների դեմքերը»:

Իր հերթին, Նաիրի Աբրահամյանը, որը 2007-ին այս ծրագրով որպես կամավոր եկել է Հայաստան, այնուհետև հայրենադարձվել է, նշել է. «Կազմակերպությունն օգնեց ինձ գտնել հետաքրքիր, բարդ և լիարժեք կյանքի ուղին, որն այսօր ես վարում եմ Հայաստանում»:

Birthright Armenia հասարակական կազմակերպության հիմնական առաքելությունը Հայաստանի և սփյուռքի երիտասարդության միջև կապերի ամրապնդումն է: