4 դեկտեմբերի 2010 - 14:48 AMT
Նախորդ տարվա համեմատ վթարների, զոհերի ու վնասվածքների քանակը նվազել է

Դեկտեմբերի 4-ին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփել է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը (ՃՏՊ) ընթացիկ տարվա անցած 11 ամսում:

Ըստ նրա, հաջողվեց պահպանել վթարների քանակի կայուն մակարդակը: «11 ամսում գրանցվել է 1813 վթար, զոհվել է 258 մարդ, վնասվածքներ է ստացել 2647-ը: Նախորդ տարվա համեմատ վթարների քանակը նվազել է մեկով, զոհերի քանակը՝ 34-ով, վնասվածքներինը՝ 65-ով: 2009թ. դեկտեմբերին գրանցվել էր 188 վթար և 32 զոհ»,-ասել է Սարգսյանը: Նա վստահ է, որ այս տարի դեկտեմբերին Ճանապարհային ոստիկանությունը կաշխատի նվազեցնել դժբախտ պատահարների քանակը և դրա համար արվում է հնարավոր ամեն ինչ:

Այս տարի տուգանվել է 20 500 հետիոտն, 289 վարորդներ, որոնք ճանապարհը չեն զիջել հետիոտնին: Սարգսյանը գտնում է, որ ճանապարհապարեկային ծառայությունը կարող է գրանցել բոլոր նման դեպքերը և շատ կախված է նաև վարորդների ու հետիոտների հարաբերություններից:

65 648 վարորդ (10 տոկոս) տուգանվել է սխալ կայանելու համար՝ մեքենան կայանվել է մի վայրում, որտեղ չկա կայանատեղի կամ մեքենան խանգարել է հասարակական տրանսպորտի երթևեկությանը: