Քուվեյթը դիտարկում է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի` Քուվեյթի Պետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր երկու երկրների միջև ստորագրվեց «Տնտեսական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով նախատեսվում է հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծում: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասիմ ալ Շեմալին, որից հետո հայտարարություն արվեց մամուլի համար:

Արարողությանը նախորդած հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը և Քուվեյթի ֆինանսների նախարարը փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ համարեցին երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Երկուստեք արձանագրվեց, որ միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծմամբ երկկողմ հարաբերությունների զարգացումը կդրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Հանձնաժողովը կարևոր հարթակ կլինի նաև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, գործակցության նոր ուղղությունները որոշելու համար: Երկուստեք վստահություն հայտնվեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ կծավալվի արդյունավետ փոխգործակցություն: Կողմերը կարևորեցին Հայաստանի և Քուվեյթի միջև ստորագրված պայմանագրերի վավերացման գործընթացի արագացումը, ինչպես նաև առաջիկայում միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը:

Հանդիպմանը ներկա էին նաև Քուվեյթի ներդրումային և Տնտեսական զարգացման հիմնադրամների ղեկավարները, որոնց հետ քննարկվեցին Հայաստանում մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Հաշվի առնելով, որ Քուվեյթի արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է կապիտալի արտահանումը աշխարհի շատ երկրներ, փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը ևս կողջունի քուվեյթյան կապիտալի մուտքը երկիր, և պատրաստ է քննարկել տարբեր ներդրումային նախագծեր: Ա. Գևորգյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ` կարևորելով ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում քուվեյթական ընկերությունների ներգրավումը: Մի շարք ծրագրերի նկարագրեր ուսումնասիրման համար փոխանցվեցին քուվեյթական կողմին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Քուվեյթից պատվիրակություն կժամանի Հայաստան` տեղում գործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:

Երկկողմ հանդիպումներն ու փոխայցելությունները շարունակական դարձնելու համաձայնություն ձեռք բերվեց, որին, ըստ արաբական կողմի, կարող է նպաստել նաև ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---