Էդվարդ Նալբանդյան. Իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում

Էդվարդ Նալբանդյան. Իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում

PanARMENIAN.Net - Երբ խոսում ենք ցեղասպանության անպատժելիության և դատապարտման բացակայության մասին՝ որպես պարարտ հող ցեղասպանության կրկնության համար, շատերը հաճախ են մեջ բերում Հիտլերի 1939 թ.-ի արտահայտած նախադասությունը հայերի ոչնչացման կապակցությամբ, երբ արդեն բանը բանից անցել էր Հոլոքոստի կանխարգելման առումով: Այդ մասին ասել է Երևանում ընթացղ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը նվիրված գիտաժողովում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հանդես գալով փակման խոսքով: Ըստ նրա, դեռևս մինչև իշխանության գալը, դեռևս 1931 թ.-ի հունիսին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում նա հեգնանքով է հիշեցրել հայերի ոչնչացման մասին որպես կրկնության հնարավոր տարբերակ այլ պարագաներում այլ ժողովուրդների նկատմամբ: Այսինքն, ցեղասպանության դատապարտման բացակայությունը և անպատժելիությունը ուղիղ հարված են հասցնում ապագայում դրա կանխարգելմանը: Ցեղասպանություն ուրացողը անպատժելիության մթնոլորտում նպաստում է այլ ցեղասպանության ծնունդին: Այս իմաստով ողջունելի է բելգիացի նախկին սենատոր Ֆրանսուա դյու Վիվիեի կարծիքը, որը ցեղասպանության ճանաչման գործընթացը կապում է ցեղասպանության ուրացման դեմ պայքարի և խոսքի ազատության պաշտպանության շարունակականության անհրաժեշտությամբ:

Ըստ նախարարի, պետք է կարևորել ոչ միայն ցեղասպանության կանխարգելումը, այլ ավելի վաղ փուլի` ցեղասպան միջավայրի ստեղծման կանխարգելումը: Անհրաժեշտ է անուշադրության չմատնել և արմատախիլ անել ցեղասպանություն ծնող թունավոր մտածողության այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հողի վրա սերմանվող ատելությունն ու թշնամանքը: Այս իմաստով դատապարտելի է նաև այլ ժողովուրդների մշակութային ժառանգության գոյության հանդեպ անհանդուրժողականությունը, որն էլ, իր հերթին ծնում է մշակութային ցեղասպանություն:

Ցեղասպանության կանխարգելման, դատապարտման և հետևանքների վերացման նպատակին ավելի մոտեցած կլինենք, եթե այս գործում բարձրաձայնողները լինեն ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ժառանգները, այլ նաև երբ նրանց կմիանան ցեղասպանություն գործածների ժառանգները: «Երբ 2003 թ. ապրիլի 24-ին բացում էինք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Կոմիտասի հուշարձանը Փարիզում, այն ժամանակ հույս հայտնեցի, որ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող փարիզյան առաջին հուշարձանը, կխորհրդանշի 20-րդ դարի ընթացքում գործած բոլոր ցեղասպանությունների զոհերի տառապանքը և հիշատակը, որ այն կդառնա ոգեկոչման վայր բոլոր նրանց համար, ովքեր հանդուրժողականությունը և մարդկային կյանքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքը համարում են շարունակական պայքար, որ այստեղ կխոնարհվեն. ոչ միայն նրանց ժառանգները, ովքեր տառապել են ֆիզիկապես և հոգեպես, այլ մի օր նաև նրանց ժառանգները, որոնք պատճառել են այդ տառապանքները: Հավատում եմ, որովհետև վերահաշտեցման ուղին ուրացման ուղի չէ, այլ գիտակցված հիշողության, քանի որ իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում և երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում»,-ասել է Էդվարդ Նալբանդյանն իր փակման խոսքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---