Հայաստանում ժամանակավորապես օգտագործվող տրանսպորտային միջոցների հաշվառումն ու հաշվառումից հանելը կկատարվի անվճար

Հայաստանում ժամանակավորապես օգտագործվող տրանսպորտային միջոցների հաշվառումն ու հաշվառումից հանելը կկատարվի անվճար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դեկտեմբերի 16-ի նիստում քննարկվել է որոշման նախագիծ /այսուհետ` նախագիծ/, որի մշակումը պայմանավորված է տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու համար ծախսերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես. վերը նշված գործողությունները նախագծի ընդունումից հետո չեն համարվի հաշվառման գործողություններ և դրանց համար այլևս չի պահանջվի վճարել օրենքով` հաշվառման գործողություն կատարելու համար սահմանված 5.000 դրամ վճարը, այլ այդ գործողությունները կիրականացվեն առանց որևէ վճարի:

ՀՀ կառավարության մամլո կենտրոնում ճեպազրույցի ժամանակ Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը պարզաբանել է, որ այդ որոշումը հիմնականում վերաբերում է այն գյուղացիներին, որոնք ելնելով իրենց աշխատանքի բնույթից, օգտագործում են տրանսպորտային միջոցները միայն մի քանի ամսվա ընթացքում: «Այս որոշումն ուղղված է բնակչության անապահով շերտերի աջակցությանը»,-ասել է նա: Ալիկ Սարգսյանը հավելել է նաև, որ որոշումը տարածվում է ՀՀ բոլոր քաղաքացիների վրա և բոլոր մակնիշների տրանսպորտային միջոցների վրա:

Նախագծի ընդունումից հետո հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու համար այլևս չի պահանջվի ներկայացնել ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոն, ինչպեu նաեւ ավտոտրանuպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն, քանի որ տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու դեպքում հաշվառման վկայագիրը և համարանիշերը հանձնվում են Ճանապարհային ոստիկանություն, իսկ առանց դրանց տեխնիկական զննություն և ապահովագրում հնարավոր չէ իրականացնել:

«Որոշման նախագիծը թույլ կտա 60 տոկոսով կրճատել այն գումարը, որը քաղաքացին ստիպված է վճարել ապահովագրական ընկերությանը, որը կկազմի 9000 դրամ»,-ասել է Ալիկ Սարգսյանը :

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---